2013 թվականը մոտենում է եզրագծին, որին կրնկակոխ հետևում է Նոր տարին: Իսկ տարեմուտին, տոնական տրամադրության հետ, նաև նոր խնդիրներ, անելիքներ են ուրվագծվում, որոնց իրագործումը անխուսափելի է, և գործընթացներին արագ թափ պիտի հաղորդվի: Դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, մայրաքաղաքի կենսաապահովմանն առնչվող հարցերի լայն շրջանակ էր ներառված:
Խորհրդակցությանը, քաղաքապետարանի պատասխանատուներից բացի, ներկա էին նաև քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ներկայացուցիչներ:
...