Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.36  դրամ
EUR   568.99  դրամ
RUB   8.19  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.09.2015   ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

Սիրելի ստեփանակերտցիներ

     Քաղաքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ   Ստեփանակերտի ավանդական օրվա կապակցությամբ:    

     Մեզնից յուրաքանչյուրն անկեղծորեն  հպարտանում է մեր քաղաքի անցյալով ու ներկայով, նրա հոգևոր, պատմամշակութային արժեքներով: Այդ առումով տոներն առիթ են հետադարձ հայացք ձգելու մեր անցած ճանապարհին և վերաարժևորելու այն:  

   Կազմավորման օրվանից, դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ է անցել մայրաքաղաք Ստեփանակերտը: Չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից նախկին մարզի ու նրա կենտրոնի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությանը, մարզկենտրոնի հայկական ճարտարապետական դիմագիծն ամեն կերպ խաթարելու և արմատներից կտրելու փորձերին, Հայաստանի և Արցախի երևելի արվեստագետների ու ճարտարապետների ազգապահպան առաքելության շնորհիվ, հոգևոր-մշակութային կյանքը, թեկուզև մեծ խոչընդոտների պարագայում, շարունակում էր գոյատևել:  

   1988-ի Արցախյան ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդի հոգևոր զարթոնքի սկիզբը հանդիսացավ: Եվ Ստեփանակերտը, որպես հարազատ օջախ, իր տանիքի տակ առավ ազատության համար պայքարի ելած զավակներին, նրանց համար դառնալով ոչ միայն գլխավոր հավաքատեղի, այլև ռազմական իրադրության հետ կապված զարգացող գործընթացները համակարգող կենտրոնակայան: Այս տեսանկյունից անգնահատելի է մայրաքաղաքի դերը` թշնամու դեմ մարդկանց ուժերն համախմբելու և միասնաբար պայքարելու գործում: Վերջին տարիներին շինարակական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է քաղաքը, դարձել գեղեցիկ ու բարեկարգ: Հաջողվել է լուծել առաջնահերթ, կենսական նշանակության մի շարք խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ  երազում էինք: Այսօր մայրաքաղաքում աշխատանքների ծավալման գլխավոր ուղղություններ են հանդիսանում բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը, առողջապահությունը, փողոցների  և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցումն ու հիմնանորոգումը: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մնում  մասնավորապես ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման ու արտաքին լուսավորման խնդիրը, քաղաքի կանաչ տարածքների ընդլայնումը, սանիտարական պատշաճ մաքրության պահպանումը:  

   Որպես հանրապետության մայրաքաղաք, Ստեփանակերտը տարեցտարի  առաջընթաց զարգացում պիտի ապրի, ինչին իր անձնական ձեռնարկմամբ պիտի նպաստի մեզնից յուրաքանչյուրը: Չէ որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը  ձևավորվում է Ստեփանակերտում: Հետևաբար, մեր քաղաքը միշտ մաքուր և գեղեցիկ պիտի լինի բոլորի համար, ձգտենք մեր աշխատանքով նպաստել սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը:

     Թանկագին ստեփանակերտցիներ

    Վերստին շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առթիվ, մաղթում  հաջողություններ, խաղաղ երկինք, անձնական  երջանկություն: