Սիրելի ստեփանակերտցիներ
Քաղաքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ստեփանակերտի ավանդական օրվա կապակցությամբ:
Մեզնից յուրաքանչյուրն անկեղծորեն հպարտանում է մեր քաղաքի անցյալով ու ներկայով, նրա հոգևոր, պատմամշակութային արժեքներով: Այդ առումով տոներն առիթ են հետադարձ հայացք ձգելու մեր անցած ճանապարհին և վերաարժևորելու այն:
Կազմավորման օրվանից, դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ է անցել մայրաքաղաք Ստեփանակերտը: Չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից նախկին մարզի ու նրա կենտրոնի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությանը, մարզկենտրոնի հայկական ճարտարապետական դիմագիծն ամեն կերպ խաթարելու և արմատներից կտրելու փորձերին, Հայաստանի և Արցախի երևելի արվեստագետների ու ճարտարապետների ազգապահպան առաքելության շնորհիվ, հոգևոր-մշակութային կյանքը, թեկուզև մեծ խոչընդոտների պարագայում, շարունակում էր գոյատևել:
1988-ի Արցախյան ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդի հոգևոր զարթոնքի սկիզբը հանդիսացավ: Եվ Ստեփանակերտը, որպես հարազատ օջախ, իր տանիքի տակ առավ ազատության համար պայքարի ելած զավակներին, նրանց համար դառնալով ոչ միայն գլխավոր հավաքատեղի, այլև ռազմական իրադրության հետ կապված զարգացող գործընթացները համակարգող կենտրոնակայան: Այս տեսանկյունից անգնահատելի է մայրաքաղաքի դերը` թշնամու դեմ մարդկանց ուժերն համախմբելու և միասնաբար պայքարելու գործում: Վերջին տարիներին շինարակական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է քաղաքը, դարձել գեղեցիկ ու բարեկարգ: Հաջողվել է լուծել առաջնահերթ, կենսական նշանակության մի շարք խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ երազում էինք: Այսօր մայրաքաղաքում աշխատանքների ծավալման գլխավոր ուղղություններ են հանդիսանում բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը, առողջապահությունը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցումն ու հիմնանորոգումը: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մնում մասնավորապես ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման ու արտաքին լուսավորման խնդիրը, քաղաքի կանաչ տարածքների ընդլայնումը, սանիտարական պատշաճ մաքրության պահպանումը:
Որպես հանրապետության մայրաքաղաք, Ստեփանակերտը տարեցտարի առաջընթաց զարգացում պիտի ապրի, ինչին իր անձնական ձեռնարկմամբ պիտի նպաստի մեզնից յուրաքանչյուրը: Չէ որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը ձևավորվում է Ստեփանակերտում: Հետևաբար, մեր քաղաքը միշտ մաքուր և գեղեցիկ պիտի լինի բոլորի համար, ձգտենք մեր աշխատանքով նպաստել սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը:
Թանկագին ստեփանակերտցիներ
Վերստին շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առթիվ, մաղթում հաջողություններ, խաղաղ երկինք, անձնական երջանկություն: