Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   480.80  դրամ
EUR   562.73  դրամ
RUB   7.73  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.09.2015   ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԱՉՔԻ ԸՆԿԱԾՆԵՐԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ` ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Ստեփանակերտի քաղաքապետարանում արդեն ավանդույթ է դարձել հանդիսավոր պայմաններում քաղաքի օրվա կապակցությամբ` աշխատանքում աչքի ընկած անձանց պարգևատրումն ու մեծարումը: Սեպտեմբերի 25-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում հավաքվել էին քաղաքապետարանի ու նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների և կառույցների, ամենատարբեր ոլորտների աշխատողներ: Բացման խոսքով հանդես եկավ քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:

  Քաղաքապետարանի ու անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով ներկաներին` Ստեփանակերտի ավանդական օրվա կապակցությամբ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը,  նրանց մաղթեց նորանոր հաջողություններ, ամենայն բարիք: Նա նշեց, թե տոներն առիթ են վերաարժևորելու քաղաքի անցյալը, գնահատելու ներկան, լավատեսությամբ  լցվելու նրա ապագայի նկատմամբ: <<Կազմավորման օրվանից, հաճախակի հայտնվելով փորձությունների և դժվարությունների առաջ, մեր քաղաքը, ուր դաստիարակվել ու ամենատարբեր ոլորտներում իրենց դրսևորել են բազմաթիվ սերունդներ,  մաքառելու պատվաբեր ուղի է անցել, - ասաց նա: - Արցախյան ազգային ազատագրական շարժումը մեր ժողովրդի համար հոգևոր զարթոնքի սկիզբը հանդիսացավ, և Ստեփանակերտը, որպես հարազատ օջախ, իր տանիքի տակ առնելով ազատության համար պայքարի ելած զավակներին, նրանց համար դարձավ ոչ միայն գլխավոր հավաքատեղի, այլև ռազմական իրադրության հետ կապված գործընթացների համակարգող  կենտրոնակայան: Հիրավի, անգնհատելի է մայրաքաղաքը դերը` թշնամու դեմ մարդկանց ուժերն համախմբելու և միասնաբար պայքարելու գործում: Գրեթե լիովին վերացվել են դաժան պատերազմի հետքերը: Շինարարական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է քաղաքը, դարձել բարեկարգ և հրապուրիչ: Լուծվել են առաջնահերթ կենսական  նշանակության ոչ քիչ խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ երազում էինք: Դրա հետ մեկտեղ շատ հարցեր դեռևս մնում են չլուծված, որոնց համակարգումը լարված ջանքեր ու ժամանակ է պահանջում>>:

  Քաղաքապետի համոզմամբ, ոպեսզի ապահովվի մայրաքաղաքի առաջընթացը, յուրաքանչյուրն իր  անձնական օրինակով, տքնաջան աշխատանքով պիտի նպաստի նրա զարգացմանն ու բարգավաճմանը: Մանավանդ, որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը  ձևավորվում է հենց Ստեփանակերտում: <<Հետևաբար, բոլորս պիտի ձգտենք, որպեսզի մեր քաղաքը լինի մաքուր, ավելի գեղեցիկ և ներդաշնակ>>, - ընդգծեց Ս.Գրիգորյանը:

  Քաղաքապետը դահլիճոււմ ներկաներին շնորհակալություն հայտնեց այն բարեխիղճ աշխատանքի համար, որ կատարում են նրանք մայրաքաղաքում` հանձնարարված տեղամասում, հավելելով, որ այսուհետ իրենց արժանի ավանդը կբերեն մայրաքաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը:

 Վերստին շնորհավորելով հիշարժան իրադարձության կապակցությամբ, Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանի անունից պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց ներկաներին, առօրյա կյանքում մաղթեց հաջողություններ ու անձնական երջանկություն:

 Հանդիսավոր արարողությանը ներկա էին փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն