Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   479.72  դրամ
EUR   535.56  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
28.09.2015   ՆՇՎԵՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՕՐԸ

ՔԱՂԱՔԸ ՄԻ ՏԱՐՈՎ ԷԼ ՀԱՍԱԿ ԱՌԱՎ…

 

   Արցախում տոնակատարությունների տեսանկյունից, բերքառատ է սեպտեմբերը ու, չնայած այն աշնանամուտի սկիզբն է խորհրդանշում, պատանու պես կենսախինդ է, պայծառ ու առատաձեռն… Մայրաքաղաք Ստեփանակերտը, որ բոլոր հանդիսությունների, մեծ ու փոքր հավաքույթների  <<կենտրոնակայանն է>> և անմասն չէ այդ բարիքներից, իր անվանակոչման հերթական տարեդարձը  նշեց պետական այրերի ու շարքային մարդկանց, պատերազմի վետերանների, հայրենիքի պաշտպանների, երիտասարդների, Հայաստանից ու արտերկրից ժամանած մեծաթիվ պատվավոր հյուրերի մասնակցությամբ: Ու, բնականաբար, և բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն են շատ, որոնք միահյուսվելով` ավելի գունեղ են դարձել քաղաքի տոնական ներկապնակը:

  Սեպտեմբերի 26-ին  բազմաթիվ անակնկալներ էին պատրաստվել օրվա կապակցությամբ: Փողոցներում, զբոսայգիներում և պուրակներում` քաղաքապետի շնորհավորական ուղերձի հետ մեկտեղ Ստեփանակերտի զինանշանի պատկերով հուշանվերներ, ծաղիկներ էին բաժանվում: Խորհրդանշական նվերներ բաժին հասան նաև նորապսակ զույգերին և Ստեփանակերտի <<Մոր և մանկան կենտրոնում>> նոր լույս աշխարհ եկած փոքրիկներին` աչքալուսանքի ու բարեմաղթանքի խոսքերով…

 

 Ժամը 11.00-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, տոնակատարությանը մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը պետական այրերի ուղեկցությամբ, որպես հարգանքի տուրք, ծաղիկներ են խոնարհում Ստեփան Շահումյանի հուշարձանին, խնկարկելով  նրա հիշատակը:

   Պուրակի ընդարձակ տարածքում առանձին <<տաղավարներով>> տոնակատարության մասնակիցներին էին ներկայացել Արցախի նկարիչները /վերնիսաժ/, Ստեփանակերտւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները: Կազմակերպվել էր նաև, հուշանվերների, գորգերի, կարպետների, ձեռքի աշխատանքների ընտրանու ցուցահանդես-վաճառք և այդ ստեղծագործություններում այնքան նախընտրելի էին արժեքավոր գործերը, որ դատարկաձեռն  տուն գնալ հնարավոր չէր:

Օրվա տոնական միջոցառումների շարքում իրենց <<դրոշմն>> են թողել և Վերածննդի հրապարակում <<ծավալված>> մարզական մրցումներն ու ազգային-ավանդական խաղերը, որոնց հաճախ մասնակից էին դառնում նաև հյուրերը: Այստեղ իրենց ուժերը չափեցին շախմատի, ծանրաձողի, բռնցքամարտի, ձյուդոյի  և սանտա-ուշուի սիրահարները: Եվ, բնականաբար, մրցույթում հաղթողները քաղաքապետարանի անունից նվերներ ստացան: Հրապարակի ձախ թևում <<խաղաղ դաշտը>> տրամադրվել էր փոքրիկ նկարիչներին, որոնցից յուրաքանչյուրն ընկալումների իր աշխարհն էր փորձում գունազարդել ասֆալտի վրա` անտարբեր չթողնելով անցորդներին: Իսկ նկատել էր պետք. թե նրանք որքան են սիրահարված  Արցախ աշխարհին, մայրաքաղաք Ստեփանակերտին, որոնք և ստեղծագործական ներշնչանքի աղբյուր էին դարձել երեխաների համար: Պատահական չէ, որ քաղաքապետարանի ուշադրությունից դուրս չմնացին լուսավոր <<կտավները>> և առավել աչք ընկած աշխատանքների հեղինակները նույնպես արժանացան պարգևների:

Ստեփանակերտը մի տարով էլ հասակ առավ` ևս մի գեղեցիկ ու մնայուն էջ ավելացնելով իր կենսագրությանը:

   Հավելենք, որ կապված սեպտեմբերի 25-ին պաշտպանության բանակի զորամասերից  մեկում տեղի ունեցած ողբերգական իրադարձության հետ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ չեղյալ են հայտարարվել Ստեփանակերտում նախապես հայտարարված զվարճալի ծրագրերը, այդ թվում` տոնական համերգն ու հրավառությունը:    

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն