Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.19  դրամ
EUR   561.80  դրամ
RUB   7.64  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
30.05.2018   ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՎԵՐԸ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՆԲՈԼԻ ՄԱՐԶԱԴԱՇՏ Է ԿԱՌՈՒՑՎԵԼ

 

Օրեր առաջ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատվիրակությունը` կառույցի գործադիր ղեկավար Արա Վարդանյանի գլխավորությամբ շրջեց Արցախում, համայն հայության հանգանակած միջոցներով` տարբեր բնակավայրերում իրականացված բարեգործական ծրագրերի ականատեսը եղավ և մասնակցեց մեկ տասնյակի հասնող նորակառույց համայնքային կենտրոնների, հանդիսությունների, բազմազավակ ընտանիքների համար շահագործված բնակարանների նորամուտի հանդիսություններին, ծանոթացավ  հիմնադրամի խողովակներով և կառավարության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ գտնվող մեծածավալ աշխատանքներին:

Եվ ահա նորամուտի միջոցառումների հերթը նաև  մայրաքաղաք Ստեփանակերտ հասավ և տոնական տրամադրությունները համակեց բոլորին: Բարեգործության հասցեատերը, որ Ֆրանսիայի հայկական հիմնադրամն է հանդիսանում, հեղինակ է  տարբեր ոլորտներում Արցախում իրագործված ներդրումային ծրագրերի և շարունակում է իր պատվաբեր առաքելությունը` ոչ միայն տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, այլ նաև Ֆրանսիայի բարեկամների  նվիրաբերած գումարների հաշվին: Ու, եթե նախկինում  հանգանակած միջոցները գլխավորապես ծախսվում էին կենսական նշանակության օբյեկտների շինարարության  ու ենթակառուցվածքների արդիականացման նպատակով, ապա այսօր քաղաքի կենտրոնում կառուցված ու ճաշակով կահավորված հանդբոլի ֆրանսիական մարզադաշտը` հանդերձարաններով, լուսային  էֆեկտներով, շուրջ 150 նստատեղերով և արդիական պահանջներին համահունչ մյուս ծառայություններով, գեղեցիկ նվեր կհանդիսանա  հազարավոր մարզիկների համար:

Կառույցի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արտաքին քաղաքական գերտեսչության ղեկավար Մասիս Մայիլյանը, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտւ քաղաքապետ, հանդբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք:

Ջերմ ու երկարատև ծափերի ներքո մարզադաշտի բացման իրավունքը տրվեց <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի` Արցախի տեղական մարմնի փոխատենապետ Միշել Փազումյանին և բարերար, ֆրանսիական <<Պրոկոս>> ընկերության ներկայացուցիչ Ժիլ  Իտանժեին: Պարոն Փազումյանն իր շնորհավորանքի խոսքում անդրադարձավ  բարեգործական այն ձեռնարկումներին, որոնց  հայկական համայնքի ներկայացուցիչների  հետ իրենց ակտիվ մասնակցությունն են բերում ֆրանսիացի  բարեկամները: Նա հպարտությամբ նշեց, որ  Ֆրանսիայի խորհրդարանում  շարունակ ընդլայնվում է  <<Ֆրանսիա-Արցախ>> բարեկամության անդամների շրջանակը, երկրի շուրջ 10 քաղաքներ բարեկամության և համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել Արցախի տարբեր բնակավայրերի, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշիի հետ ու նպաստում են ներդաշնակ կապերի  խորացմանը: Նրա խոսքով, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, անշուշտ, կնպաստի այս տարվա հոկտեմբերին Հայաստանում   Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի   անցկացումը, որի պատվիրակության անդամները կհյուրընկալվեն  նաև Արցախում:

Բարերար Ժիլ  Իտանժեն  էլ խաղաղությություն և բարեկեցություն    մաղթելով արցախցիներին, համոզմունք հայտնեց, որ ամենատարբեր մարզաձևերի գծով աշխարհի ու  Եվրոպայի չեմպիոներ ունեցող երկրի  մարզիկներն աչքի կընկնեն  և հանդբոլի միջազգային մրցաշարերում` տոնելով հաղթանակներ: Հանրապետությունում  կձևակերպվեն մարզական նոր թիմեր,  սպորտը կզարգանա բոլոր ուղղություններով: Նա ուրախությամբ նշեց, որ հայերի հետ մեկտեղ ֆրանսիացիները սիրով օժանդակում են Արցախում  իրականացվող  բազմաթիվ ծրագրերի: Այդ շարքում նա առանձնացրեց Շուշիի  <<Եզնիկ Մոզյան>> արհեստագործական ուսումնարանի ծնունդը, որի  կայացման գործընթացին մեծ ուշադրությամբ են հետևում Ֆրանսիայում:

Հաճելի իրադարձության առիթով ներկաներին ողջունեց և բարեմաղթանքների խոսքեր ուղղեց <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ով խոստովանեց, թե համայն հայության համախմբումը` ընդհանուր նպատակների շուրջ և իրականացվող բարեգործական ծրագրերի հաջորդականությունն ավելի է ոգևորում կառույցի պատասխանատուներին, <<մարզական կարգավիճակից օգտվելու հնարավորության ընձեռնում, բարձր տրամադրություն  հաղորդում բոլորին>>:

Շնորհակալություն  հայտնելով խորհրդանշական նվիրատվության համար, Ստեփանակերտի քաղաքապետ, հանդբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը  բարձր գնահատեց բարերարների ներդրումը` սպորտի զարգացման և մասսայականացման գործում:   

<<Համոզված եմ, որ մայրաքաղաքի կենտրոնում  շահագործվող հանդբոլի նորակառույց մարզահրապարակը, որ կյանքի է կոչվել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսական օժանդակությամբ, նոր լիցք և էներգիա կհաղորդի մեր մարզիկներին և կնպաստի նրանց ներուժի դրսևորմանը: Մարզահրապարակում մարզվելու հնարավորություն կունենան ոչ միայն պատանիներն ու աղջիկները, այլև հազարավոր երեխաներ: Հանդբոլն, իրոք, կդառնա ավանդական մարզաձև,  թիմերը կկարողանան արդյունավետ մարզվել և բարձր ընդունակություններ դրսևորել, դուրս գալ  սպորտային լայն հարթակներ, գրագետ խաղ ցուցադրել ու համոզիչ հաղթանակներ տանել հանրապետական և միջազգային առաջնություններում>>,- ասաց քաղաքապետը:

Ի նշան երախտիքի և սիրո, Ս.Գրիգորյանը հանդբոլի հանրապետական թիմի անդամների ստորագրությամբ խորհրդանշական  գնդակ նվիրեց   բարերարին:

Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը իր հերթին արժևորելով  օրվա խորհուրդը , հրապարակեց ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը` ֆրանսիացի գործարար Ժիլ Իտանժեին  <<Երախտագիտություն>> մեդալով պարգևատրելու մասին:

Հնչում են  ուրախ երգն ու երաժշտությունը, շուրջպար են բռնում երիտասարդները: Ապա նորակառույց մարզադաշտում խորհրդանշական հանդիպում են ունենում  Ֆրանսիայի <<Արմենիա>> և <<Արցախ>> հանդբոլի մարզական թիմերը: Անկախ արդյունքներից, բնականաբար, հաղթում է հայ-ֆրանսիական ժողովուրդների  բարեկամությունը:

Վերջում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն առաջին տեղը գրաված <<Արմենիա>> ու <<Արցախ>> /երկրորդ  մրցանակային տեղ/ թիմերի մարզիկներին պարգևներ և գավաթներ հանձնեց` մաղթելով նորանոր հաջողություններ  և ամենայն բարիք::

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն