ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՆԲՈԼԻ ՄԱՐԶԱԴԱՇՏ Է ԿԱՌՈՒՑՎԵԼ
Օրեր առաջ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի պատվիրակությունը` կառույցի գործադիր ղեկավար Արա Վարդանյանի գլխավորությամբ շրջեց Արցախում, համայն հայության հանգանակած միջոցներով` տարբեր բնակավայրերում իրականացված բարեգործական ծրագրերի ականատեսը եղավ և մասնակցեց մեկ տասնյակի հասնող նորակառույց համայնքային կենտրոնների, հանդիսությունների, բազմազավակ ընտանիքների համար շահագործված բնակարանների նորամուտի հանդիսություններին, ծանոթացավ հիմնադրամի խողովակներով և կառավարության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ գտնվող մեծածավալ աշխատանքներին:
Եվ ահա նորամուտի միջոցառումների հերթը նաև մայրաքաղաք Ստեփանակերտ հասավ և տոնական տրամադրությունները համակեց բոլորին: Բարեգործության հասցեատերը, որ Ֆրանսիայի հայկական հիմնադրամն է հանդիսանում, հեղինակ է տարբեր ոլորտներում Արցախում իրագործված ներդրումային ծրագրերի և շարունակում է իր պատվաբեր առաքելությունը` ոչ միայն տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, այլ նաև Ֆրանսիայի բարեկամների նվիրաբերած գումարների հաշվին: Ու, եթե նախկինում հանգանակած միջոցները գլխավորապես ծախսվում էին կենսական նշանակության օբյեկտների շինարարության ու ենթակառուցվածքների արդիականացման նպատակով, ապա այսօր քաղաքի կենտրոնում կառուցված ու ճաշակով կահավորված հանդբոլի ֆրանսիական մարզադաշտը` հանդերձարաններով, լուսային էֆեկտներով, շուրջ 150 նստատեղերով և արդիական պահանջներին համահունչ մյուս ծառայություններով, գեղեցիկ նվեր կհանդիսանա հազարավոր մարզիկների համար:
Կառույցի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արտաքին քաղաքական գերտեսչության ղեկավար Մասիս Մայիլյանը, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտւ քաղաքապետ, հանդբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք:
Ջերմ ու երկարատև ծափերի ներքո մարզադաշտի բացման իրավունքը տրվեց <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի` Արցախի տեղական մարմնի փոխատենապետ Միշել Փազումյանին և բարերար, ֆրանսիական <<Պրոկոս>> ընկերության ներկայացուցիչ Ժիլ Իտանժեին: Պարոն Փազումյանն իր շնորհավորանքի խոսքում անդրադարձավ բարեգործական այն ձեռնարկումներին, որոնց հայկական համայնքի ներկայացուցիչների հետ իրենց ակտիվ մասնակցությունն են բերում ֆրանսիացի բարեկամները: Նա հպարտությամբ նշեց, որ Ֆրանսիայի խորհրդարանում շարունակ ընդլայնվում է <<Ֆրանսիա-Արցախ>> բարեկամության անդամների շրջանակը, երկրի շուրջ 10 քաղաքներ բարեկամության և համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել Արցախի տարբեր բնակավայրերի, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշիի հետ ու նպաստում են ներդաշնակ կապերի խորացմանը: Նրա խոսքով, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, անշուշտ, կնպաստի այս տարվա հոկտեմբերին Հայաստանում Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը, որի պատվիրակության անդամները կհյուրընկալվեն նաև Արցախում:
Բարերար Ժիլ Իտանժեն էլ խաղաղությություն և բարեկեցություն մաղթելով արցախցիներին, համոզմունք հայտնեց, որ ամենատարբեր մարզաձևերի գծով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոներ ունեցող երկրի մարզիկներն աչքի կընկնեն և հանդբոլի միջազգային մրցաշարերում` տոնելով հաղթանակներ: Հանրապետությունում կձևակերպվեն մարզական նոր թիմեր, սպորտը կզարգանա բոլոր ուղղություններով: Նա ուրախությամբ նշեց, որ հայերի հետ մեկտեղ ֆրանսիացիները սիրով օժանդակում են Արցախում իրականացվող բազմաթիվ ծրագրերի: Այդ շարքում նա առանձնացրեց Շուշիի <<Եզնիկ Մոզյան>> արհեստագործական ուսումնարանի ծնունդը, որի կայացման գործընթացին մեծ ուշադրությամբ են հետևում Ֆրանսիայում:
Հաճելի իրադարձության առիթով ներկաներին ողջունեց և բարեմաղթանքների խոսքեր ուղղեց <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ով խոստովանեց, թե համայն հայության համախմբումը` ընդհանուր նպատակների շուրջ և իրականացվող բարեգործական ծրագրերի հաջորդականությունն ավելի է ոգևորում կառույցի պատասխանատուներին, <<մարզական կարգավիճակից օգտվելու հնարավորության ընձեռնում, բարձր տրամադրություն հաղորդում բոլորին>>:
Շնորհակալություն հայտնելով խորհրդանշական նվիրատվության համար, Ստեփանակերտի քաղաքապետ, հանդբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը բարձր գնահատեց բարերարների ներդրումը` սպորտի զարգացման և մասսայականացման գործում:
<<Համոզված եմ, որ մայրաքաղաքի կենտրոնում շահագործվող հանդբոլի նորակառույց մարզահրապարակը, որ կյանքի է կոչվել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսական օժանդակությամբ, նոր լիցք և էներգիա կհաղորդի մեր մարզիկներին և կնպաստի նրանց ներուժի դրսևորմանը: Մարզահրապարակում մարզվելու հնարավորություն կունենան ոչ միայն պատանիներն ու աղջիկները, այլև հազարավոր երեխաներ: Հանդբոլն, իրոք, կդառնա ավանդական մարզաձև, թիմերը կկարողանան արդյունավետ մարզվել և բարձր ընդունակություններ դրսևորել, դուրս գալ սպորտային լայն հարթակներ, գրագետ խաղ ցուցադրել ու համոզիչ հաղթանակներ տանել հանրապետական և միջազգային առաջնություններում>>,- ասաց քաղաքապետը:
Ի նշան երախտիքի և սիրո, Ս.Գրիգորյանը հանդբոլի հանրապետական թիմի անդամների ստորագրությամբ խորհրդանշական գնդակ նվիրեց բարերարին:
Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը իր հերթին արժևորելով օրվա խորհուրդը , հրապարակեց ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը` ֆրանսիացի գործարար Ժիլ Իտանժեին <<Երախտագիտություն>> մեդալով պարգևատրելու մասին:
Հնչում են ուրախ երգն ու երաժշտությունը, շուրջպար են բռնում երիտասարդները: Ապա նորակառույց մարզադաշտում խորհրդանշական հանդիպում են ունենում Ֆրանսիայի <<Արմենիա>> և <<Արցախ>> հանդբոլի մարզական թիմերը: Անկախ արդյունքներից, բնականաբար, հաղթում է հայ-ֆրանսիական ժողովուրդների բարեկամությունը:
Վերջում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն առաջին տեղը գրաված <<Արմենիա>> ու <<Արցախ>> /երկրորդ մրցանակային տեղ/ թիմերի մարզիկներին պարգևներ և գավաթներ հանձնեց` մաղթելով նորանոր հաջողություններ և ամենայն բարիք::
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն