Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.10  դրամ
EUR   551.12  դրամ
RUB   7.20  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
08.05.2018   ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ

 

Ավագ սերնդի անցած ճանապարհը միշտ էլ ուսանելի օրինակ է հանդիսացել երիտասարդների համար, ոգեշնչել և մղել նորանոր խիզախումների: Այդ տեսակետից  իր մեջ հետաքրքիր  խորհուրդ է պարունակում Մեծ հայրենականի մասնակիցների սխրանքներով լի մարտական ուղին, որը 1945-ի մայիսի 9-ին նշանավորվեց գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով:

Խորհրդային Միության  բազմազգ ընտանիքում իրենց հերոսությամբ աչքի ընկան և  հայ ժողովրդի պանծալի զավակները` պատերազմի տարեգրության մեջ թողնելով մնայուն էջեր: Թշնամու դեմ պայքարից անմասն չմնացին արցախցիները` կյանքի գնով մոտեցնելով հաղթանակը: Տարիներ անց սերտելով պապերից ու հայրերից ժառանգած դասերը, նրանց զավակներն անձնվիրաբար քննության բռնեցին Արցախյան գոյամարտի տարիներին` փառքով  պսակելով իրենց անունները: 1992-ի մայիսի 9-ին ազատագրելով հայոց բերդաքաղաք Շուշին, ինքնապաշտպանական մեր ջոկատները դրանով  իսկ հետագա  հաղթանակների սկիզբը  դրեցին` ռազմական  գործողություններում  ամրագրելով փայլուն հաջողություններ: Նրանց սխրանքը կրկնեցին և ապրիլյան պատերազմի մեր հերոս տղաները` արժանի հակահարված հասցնելով թշնամուն ու շպրտելով նրան  ելման դիրքեր: Ցավոք, ռազմական գործողությունների ժամանակ, անհավասար մարտերում հայկական կողմը ևս անդառնալի կորուստներ ունեցավ:

Մայիսյան խորհրդանշական եռատոնն առիթ է մեծարելու և արժևորելու երկու դաժան պատերազմների միջով անցած սերունդների ներկայացուցիչներին: Մայիսի 8-ին Ստեփանակերտի քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանում հյուրընկալելով Մեծ  հայրենականի և Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների, ինչպես և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների, հիշարժան իրադարձության` Մեծ հաղթանակի Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ նրանց պատվին կազմակերպել էր ընդունելություն:

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի, բոլոր ստեփանակերտցիների և անձամբ իր անունից ողջունելով և ջերմորեն շնորհավորելով  եռատոնի առթիվ, Ս.Գրիգորյանը հյուրերին մաղթեց արցախյան  երկարակեցություն, երջանկություն և  խաղաղություն: <<Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ` արցախյան  պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը, ինչն  անփոխարինելի արժեք է սերունդների համար,- ասաց նա: - Ցավոք, հազարավոր հայորդիներ նահատակվեցին ծանր մարտերում` անավարտ թողնելով բազում իղձեր ու  երազանքներ: Փառք ու  պատիվ նրանց ծնած ու սնած մայրերին>>:

Բարձր գնահատելով պատերազմի վետերանների վաստակն ու ներդրումը` հայրենիքի ազատագրման գործում, քաղաքապետը  հավաստիացրեց, որ նրանց օրինակով տասնյակ սերունդներ են դաստիարակվելու:  Նա զուգահեռներ անցկացրեց մայիսյան հաղթանակների միջև`  կարևորելով նրանց հաջորդականությունը: Սուրեն Գրիգորյանն ափսոսանք հայտնելով, որ տարեցտարի  նոսրանում են Մեծ հայրենականի մասնակիցների շարքերը, միաժամանակ ընդգծեց <<Հպարտ ենք, որ դուք այսօր, որպես կենդանի լեգենդներ, կաք ու այսօր մեր կողքին եք, մեր շարքերում: Ձեր իմաստուն խորհրդի կարծիքը մենք միշտ էլ զգում ենք>>: Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերաններին  մեկ անգամ ևս շնորհավորելով հիշարժան իրադարձությունների առիթով, քաղաքապետը նրանց եռանդ, տոկունություն և առողջություն մաղթեց:

Մայիսյան եռատոնի կապակցությամբ ներկաներին ողջունեցին և տոների կապակցությամբ շնորհավորեցին  նաև քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանն ու  մամուլի քարտուղար,  բանաստեղծ Դավիթ Միքայելյանը:

Այնուհետև սեղանի շուրջ աշխույժ և անկաշկանդ զրույց ծավալվեց: Մեծ հայրենականի վետերաններ Սերգեյ Բարսեղյանը, Վաղարշակ Գրիգորյանը, Մուշեղ Նասիբյանը, արցախյան պատերազմի վետերանների միության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը դրվագներ հիշեցին պատերազմի ահեղ տարիներից, շնորհակալություն հայտնեցին քաղաքային իշխանություններին` ջերմ ընդունելության և իրենց վաստակը  բարձր գնահատելու համար: Վերջում` Ս.Գրիգորյանն օրվա հյուրերին քաղաքապետարանի կողմից հանձնեց  հուշանվերներ:

Հանդիպմանը ներկա էին  քաղաքապետի տեղակալներ  Սուրեն Թամրազյանը,  Արմեն Հակոբյանը և աշխատակազմի ղեկավար Գագիկ  Նազլուխանյանը:     

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն