ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ
Ավագ սերնդի անցած ճանապարհը միշտ էլ ուսանելի օրինակ է հանդիսացել երիտասարդների համար, ոգեշնչել և մղել նորանոր խիզախումների: Այդ տեսակետից իր մեջ հետաքրքիր խորհուրդ է պարունակում Մեծ հայրենականի մասնակիցների սխրանքներով լի մարտական ուղին, որը 1945-ի մայիսի 9-ին նշանավորվեց գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով:
Խորհրդային Միության բազմազգ ընտանիքում իրենց հերոսությամբ աչքի ընկան և հայ ժողովրդի պանծալի զավակները` պատերազմի տարեգրության մեջ թողնելով մնայուն էջեր: Թշնամու դեմ պայքարից անմասն չմնացին արցախցիները` կյանքի գնով մոտեցնելով հաղթանակը: Տարիներ անց սերտելով պապերից ու հայրերից ժառանգած դասերը, նրանց զավակներն անձնվիրաբար քննության բռնեցին Արցախյան գոյամարտի տարիներին` փառքով պսակելով իրենց անունները: 1992-ի մայիսի 9-ին ազատագրելով հայոց բերդաքաղաք Շուշին, ինքնապաշտպանական մեր ջոկատները դրանով իսկ հետագա հաղթանակների սկիզբը դրեցին` ռազմական գործողություններում ամրագրելով փայլուն հաջողություններ: Նրանց սխրանքը կրկնեցին և ապրիլյան պատերազմի մեր հերոս տղաները` արժանի հակահարված հասցնելով թշնամուն ու շպրտելով նրան ելման դիրքեր: Ցավոք, ռազմական գործողությունների ժամանակ, անհավասար մարտերում հայկական կողմը ևս անդառնալի կորուստներ ունեցավ:
Մայիսյան խորհրդանշական եռատոնն առիթ է մեծարելու և արժևորելու երկու դաժան պատերազմների միջով անցած սերունդների ներկայացուցիչներին: Մայիսի 8-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանում հյուրընկալելով Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների, ինչպես և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների, հիշարժան իրադարձության` Մեծ հաղթանակի Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ նրանց պատվին կազմակերպել էր ընդունելություն:
Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի, բոլոր ստեփանակերտցիների և անձամբ իր անունից ողջունելով և ջերմորեն շնորհավորելով եռատոնի առթիվ, Ս.Գրիգորյանը հյուրերին մաղթեց արցախյան երկարակեցություն, երջանկություն և խաղաղություն: <<Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ` արցախյան պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը, ինչն անփոխարինելի արժեք է սերունդների համար,- ասաց նա: - Ցավոք, հազարավոր հայորդիներ նահատակվեցին ծանր մարտերում` անավարտ թողնելով բազում իղձեր ու երազանքներ: Փառք ու պատիվ նրանց ծնած ու սնած մայրերին>>:
Բարձր գնահատելով պատերազմի վետերանների վաստակն ու ներդրումը` հայրենիքի ազատագրման գործում, քաղաքապետը հավաստիացրեց, որ նրանց օրինակով տասնյակ սերունդներ են դաստիարակվելու: Նա զուգահեռներ անցկացրեց մայիսյան հաղթանակների միջև` կարևորելով նրանց հաջորդականությունը: Սուրեն Գրիգորյանն ափսոսանք հայտնելով, որ տարեցտարի նոսրանում են Մեծ հայրենականի մասնակիցների շարքերը, միաժամանակ ընդգծեց <<Հպարտ ենք, որ դուք այսօր, որպես կենդանի լեգենդներ, կաք ու այսօր մեր կողքին եք, մեր շարքերում: Ձեր իմաստուն խորհրդի կարծիքը մենք միշտ էլ զգում ենք>>: Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերաններին մեկ անգամ ևս շնորհավորելով հիշարժան իրադարձությունների առիթով, քաղաքապետը նրանց եռանդ, տոկունություն և առողջություն մաղթեց:
Մայիսյան եռատոնի կապակցությամբ ներկաներին ողջունեցին և տոների կապակցությամբ շնորհավորեցին նաև քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանն ու մամուլի քարտուղար, բանաստեղծ Դավիթ Միքայելյանը:
Այնուհետև սեղանի շուրջ աշխույժ և անկաշկանդ զրույց ծավալվեց: Մեծ հայրենականի վետերաններ Սերգեյ Բարսեղյանը, Վաղարշակ Գրիգորյանը, Մուշեղ Նասիբյանը, արցախյան պատերազմի վետերանների միության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը դրվագներ հիշեցին պատերազմի ահեղ տարիներից, շնորհակալություն հայտնեցին քաղաքային իշխանություններին` ջերմ ընդունելության և իրենց վաստակը բարձր գնահատելու համար: Վերջում` Ս.Գրիգորյանն օրվա հյուրերին քաղաքապետարանի կողմից հանձնեց հուշանվերներ:
Հանդիպմանը ներկա էին քաղաքապետի տեղակալներ Սուրեն Թամրազյանը, Արմեն Հակոբյանը և աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն