Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.87  դրամ
EUR   547.37  դրամ
RUB   7.30  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
30.12.2016   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ, ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի  հայրենակիցներ.

Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը արցախահայության համար նոր փորձությունների ու նաև ստեղծարար աշխատանքի տարի էր: Հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ, մեզ հաջողվեց նշանակալի ձեռքբերումներ արձանագրել անկախության կերտման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տնտեսության զարգացման ճանապարհին:

Ապրիլյան պատերազմի դժվար օրերին մենք մեր ժողովրդի միասնությամբ վերստին ապացուցեցինք  սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, մեր արդար պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու վճռականությունը, արժանի հակահարված հասցնելով թշնամու ոտնձգություններին:

Ընթացիկ տարում Արցախի իշխանությունների աջակցությամբ  տնտեսության բնագավառում շարունակվել են վերջին տարիներին  սկիզբ առած  մի շարք ծրագրեր, ուղղված մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը:

Առաջնահերթ խնդիրների շարքում էին.

-բնակարանաշինությունը և դպրոցաշինությունը

-հասարակական և առողջապահական օբյեկտների շինարարությունը և կապիտալ վերանորոգումը

-մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացումը

-փողոցների կապիտալ  վերանորոգումը և բարեկարգումը

-քաղաքի սանիտարական վիճակի բարելավումը

-քաղաքի ճարտարապետական տեսքի բարելավումը և կանաչապատումը

-բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը, տանիքների կապիտալ վերանորոգումը, մանկական խաղահրապարակների կառուցումը և այլն:

Պատահական չէ, որ օր-օրի ավելի գեղեցիկ և բարեկարգ տեսք է ստանում մայրաքաղաքը:

  Դրական տեղաշարժերն, իրոք, նկատելի են: Միևնույն ժամանակ պիտի խոստովանել, որ դեռևս չլուծված են մնում բնակչության կենսական նշանակության մի շարք խնդիրներ: Այդ տեսանկյունից, անելիքներ քիչ չունեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններն ու կառույցները, որոնց արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված բնակչության սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման մակարդակի բարձրացումը: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է առավել սրտացավ  գտնվել շրջապատի նկատմամբ: Պիտի գիտակցել  մի պարզ ճշմարտություն, որ Ստեփանակերտը բոլորիս հարազատ  տունն է և ձգտենք մեր անձնական ներդրումն ունենալ նրա զարգացման ու բարգավաճման գործում:

     Հույսեր կապելով Նոր տարվա հետ, մենք, անշուշտ, ակնկալիքներ ունենք նրանից: Իսկ, որպեսզի իրականանան սպասելիքները, պիտի վճռական գտնվենք մեր բոլոր ձեռնարկումներում,  համատեղենք մեր ջանքերը,  անենք ամեն ինչ, որպեսզի մեր սիրելի Ստեփանակերտը լինի ավելի գեղեցիկ, ավելի հմայիչ, ավելի հարմարավետ ապրելու և աշխատելու համար:

         Սիրելի համաքաղաքացիներ

   Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում երջանկություն ու ամենայն բարիք: Թող Նոր տարին ստեփանակերտցիներիս, համայն հայության համար լինի կայունության և խաղաղության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: