Սիրելի հայրենակիցներ.
Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը արցախահայության համար նոր փորձությունների ու նաև ստեղծարար աշխատանքի տարի էր: Հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ, մեզ հաջողվեց նշանակալի ձեռքբերումներ արձանագրել անկախության կերտման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տնտեսության զարգացման ճանապարհին:
Ապրիլյան պատերազմի դժվար օրերին մենք մեր ժողովրդի միասնությամբ վերստին ապացուցեցինք սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, մեր արդար պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու վճռականությունը, արժանի հակահարված հասցնելով թշնամու ոտնձգություններին:
Ընթացիկ տարում Արցախի իշխանությունների աջակցությամբ տնտեսության բնագավառում շարունակվել են վերջին տարիներին սկիզբ առած մի շարք ծրագրեր, ուղղված մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը:
Առաջնահերթ խնդիրների շարքում էին.
-բնակարանաշինությունը և դպրոցաշինությունը
-հասարակական և առողջապահական օբյեկտների շինարարությունը և կապիտալ վերանորոգումը
-մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացումը
-փողոցների կապիտալ վերանորոգումը և բարեկարգումը
-քաղաքի սանիտարական վիճակի բարելավումը
-քաղաքի ճարտարապետական տեսքի բարելավումը և կանաչապատումը
-բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը, տանիքների կապիտալ վերանորոգումը, մանկական խաղահրապարակների կառուցումը և այլն:
Պատահական չէ, որ օր-օրի ավելի գեղեցիկ և բարեկարգ տեսք է ստանում մայրաքաղաքը:
Դրական տեղաշարժերն, իրոք, նկատելի են: Միևնույն ժամանակ պիտի խոստովանել, որ դեռևս չլուծված են մնում բնակչության կենսական նշանակության մի շարք խնդիրներ: Այդ տեսանկյունից, անելիքներ քիչ չունեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններն ու կառույցները, որոնց արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված բնակչության սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավման մակարդակի բարձրացումը: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է առավել սրտացավ գտնվել շրջապատի նկատմամբ: Պիտի գիտակցել մի պարզ ճշմարտություն, որ Ստեփանակերտը բոլորիս հարազատ տունն է և ձգտենք մեր անձնական ներդրումն ունենալ նրա զարգացման ու բարգավաճման գործում:
Հույսեր կապելով Նոր տարվա հետ, մենք, անշուշտ, ակնկալիքներ ունենք նրանից: Իսկ, որպեսզի իրականանան սպասելիքները, պիտի վճռական գտնվենք մեր բոլոր ձեռնարկումներում, համատեղենք մեր ջանքերը, անենք ամեն ինչ, որպեսզի մեր սիրելի Ստեփանակերտը լինի ավելի գեղեցիկ, ավելի հմայիչ, ավելի հարմարավետ ապրելու և աշխատելու համար:
Սիրելի համաքաղաքացիներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում երջանկություն ու ամենայն բարիք: Թող Նոր տարին ստեփանակերտցիներիս, համայն հայության համար լինի կայունության և խաղաղության տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: