Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.27  դրամ
EUR   549.69  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
12.01.2015   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Տոնական  երկարատև հանգստից հետո Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը հունվարի 12-ին  աշխատանքային առաջին օրը պարտականությունների կատարմանն է ձեռնամուխ եղել` հստակեցնելով իր առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Իսկ դա  առիթ է հանդիսացել, որպեսզի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն հրավիրի քաղաքապետարանի պատասխանատուների և նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:

Քաղաքապետը ներկաներին հիշեցրել է, որ անհրաժեշտ է պատշաճ մակարդակով կազմակերպել Հին Նոր տարվան նվիրված համաքաղաքային միջոցառումը և նոր միայն ձեռնամուխ լինել տոնականորեն զարդարված մայրաքաղաքի <<բեռնաթափմանը>>: Խոսելով նախորդ տարվա արդյունքների մասին և ուրվագծելով 2015-ի առաջնահերթությունները, Ս.Գրիգորյանը բաժինների պետերին և կառույցների տնօրեններին առաջարկել է տասնօրյա ժամկետում քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնել 2014թ. գործունեության հաշվետվությունը, որը պիտի լինի հիմնավորված և կամփոփվի իրական փաստերի և տվյալների համադրմամբ:

Նիստում անդրադարձ է եղել նաև կապիտալ շինարարության մասով 2015-ի ծրագրերի վերջնական տարբերակի մշակմանն ու հստակեցմանը: Խորհրդակցության ժամանակ օրակարգից դուրս չեն մնացել նաև քաղաքում ձնամաքրման և ձնահեռացման, սանիտարական մաքրության և երթուղային տրանսպորտի սպասարկման բարելավման ուղղությամբ տարվող գործընթացները, հիշյալ ոլորտներում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով  ընկերությունների պատասխանատուներին քաղաքապետի կողմից տրվել են մի շարք հանձնարարություններ:

 

 

 Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար