Տոնական երկարատև հանգստից հետո Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը հունվարի 12-ին աշխատանքային առաջին օրը պարտականությունների կատարմանն է ձեռնամուխ եղել` հստակեցնելով իր առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Իսկ դա առիթ է հանդիսացել, որպեսզի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն հրավիրի քաղաքապետարանի պատասխանատուների և նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Քաղաքապետը ներկաներին հիշեցրել է, որ անհրաժեշտ է պատշաճ մակարդակով կազմակերպել Հին Նոր տարվան նվիրված համաքաղաքային միջոցառումը և նոր միայն ձեռնամուխ լինել տոնականորեն զարդարված մայրաքաղաքի <<բեռնաթափմանը>>: Խոսելով նախորդ տարվա արդյունքների մասին և ուրվագծելով 2015-ի առաջնահերթությունները, Ս.Գրիգորյանը բաժինների պետերին և կառույցների տնօրեններին առաջարկել է տասնօրյա ժամկետում քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնել 2014թ. գործունեության հաշվետվությունը, որը պիտի լինի հիմնավորված և կամփոփվի իրական փաստերի և տվյալների համադրմամբ:
Նիստում անդրադարձ է եղել նաև կապիտալ շինարարության մասով 2015-ի ծրագրերի վերջնական տարբերակի մշակմանն ու հստակեցմանը: Խորհրդակցության ժամանակ օրակարգից դուրս չեն մնացել նաև քաղաքում ձնամաքրման և ձնահեռացման, սանիտարական մաքրության և երթուղային տրանսպորտի սպասարկման բարելավման ուղղությամբ տարվող գործընթացները, հիշյալ ոլորտներում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունների պատասխանատուներին քաղաքապետի կողմից տրվել են մի շարք հանձնարարություններ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար