Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.40  դրամ
EUR   526.81  դրամ
RUB   7.46  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
07.05.2014   ՄԵԾԱՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ

Ընդունելություն` Ստեփանակերտի քաղաքապետարանում

Ստեփանակերտի քաղաքապետարանում արդեն ավանդույթ է դարձել մայիսյան եռատոնի կապակցությամբ հյուրընկալել Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի վետերաններին և մեծարել նրանց, արժևորել նրանց անցած մարտական ուղին:

Վետերանների հետ հերթական հանդիպումը կայացել է այսօր: Ու, եթե Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից ոմանք ներկայացել էին զինվորական համազգեստով` կրծքներին կրելով մարտական բարձր պարգևներ, ապա Արցախյան պատերազմի վետերանները գերադասել էին քաղաքացիական հագուստով  ներկայանալ և <<առավել տեսանելի դարձնել>> իրենց պապերի ու հայրերի վաստակը:

Ակնհայտ է, որ ավագ սերնդի անցած ճանապարհը միշտ էլ ուղեցույց է հանդիսացել երիտասարդների համար, նրանց ոգեշնչել ու մղել նորանոր հաղթանակների: Սերտելով իրենց պապերից ու հայրերից ժառանգած դասերը,  հայ ազգի մարտիկներն արցախյան գոյամարտում փառքով պսակեցին իրենց անունները: Մայիսի 9-ին ազատագրելով Շուշին, մեր պաշտպանական ուժերը հետագա հաղթանակների սկիզբ դրին ռազմական գործողություններում, ամրագրելով փայլուն հաջողություններ, հերոսական նոր էջեր  ավելացնելով պատերազմի  տարեգրության մեջ:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ողջունելով հյուրերին, իր ու քաղաքապետարանի, բոլոր ստեփանակերտցիների անունից ջերմորեն շնորհավորեց նրանց Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, նրանց մաղթեց  քաջառողջություն, արցախյան երկարակեցություն և խաղաղություն: <<Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ` Արցախյան պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը,- ասաց քաղաքապետը:- Ցավոք, հազարավոր հայորդիներ նահատակվեցին ծանր մարտերում, անավարտ թողնելով բազում իղձերն ու նպատակները: Եվ վերաժեորելով մեր հաղթանակները` ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ` տնտեսության ամենատարբեր ոլորտներում, անհնար է երախտիքի խոսքեր չուղղել մեր այն  նահատակներին, որոնց անձնազոհությամբ հնարավոր եղավ  ազատ ու անկախ երկիր ունենալ>>: Ս.Գրիգորյանը հավաստիացրեց, որ նրանց օրինակով տասնյակ սերունդներ են դաստիարակվելու: Նա միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ տարեցտարի նոսրանում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների շարքերը:  

Աշխատանքի և պատերազմի հանրապետական խորհրդի անունից  շնորհակալությություն հայտնելով քաղաքապետին` ջերմ ընդունելության և  գնահատանքի խոսքերի համար, Սերգեյ Բարսեղյանը հավաստիացրեց, որ վետերանները շարունակելու են իրենց  փորձով օգտակար լինել երկրին ու նպաստել նրա շենացմանը: Քաղաքապետ Ս.Գրիգորյանին շնորհակալական խոսքեր ուղղեց  և արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Առաքելյանը, ով ընդգծեց, թե  վտանգի պահին, որպես հայրենիքի զինվոր, իր մարտական ընկերներով միշտ պատրաստ է ռազմի դաշտ մեկնել ու արժանի հակահարված հասցնել թշնամուն:

Եռատոնի առիթով հյուրերին շնորհավորեցին ու նրանց  հաջողություններ և նորանոր հաղթանակներ մաղթեցին  գրող, հրապարակախոս, Արցախի հերոս Զորի  Բալայանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետարանի անունից  Սուրեն Գրիգորյանը հուշանվերներ հանձնեց վետերաններին:

Ընդունելությանը ներկա էին փողխաղաքապետեր Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար