Ընդունելություն` Ստեփանակերտի քաղաքապետարանում
Ստեփանակերտի քաղաքապետարանում արդեն ավանդույթ է դարձել մայիսյան եռատոնի կապակցությամբ հյուրընկալել Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի վետերաններին և մեծարել նրանց, արժևորել նրանց անցած մարտական ուղին:
Վետերանների հետ հերթական հանդիպումը կայացել է այսօր: Ու, եթե Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից ոմանք ներկայացել էին զինվորական համազգեստով` կրծքներին կրելով մարտական բարձր պարգևներ, ապա Արցախյան պատերազմի վետերանները գերադասել էին քաղաքացիական հագուստով ներկայանալ և <<առավել տեսանելի դարձնել>> իրենց պապերի ու հայրերի վաստակը:
Ակնհայտ է, որ ավագ սերնդի անցած ճանապարհը միշտ էլ ուղեցույց է հանդիսացել երիտասարդների համար, նրանց ոգեշնչել ու մղել նորանոր հաղթանակների: Սերտելով իրենց պապերից ու հայրերից ժառանգած դասերը, հայ ազգի մարտիկներն արցախյան գոյամարտում փառքով պսակեցին իրենց անունները: Մայիսի 9-ին ազատագրելով Շուշին, մեր պաշտպանական ուժերը հետագա հաղթանակների սկիզբ դրին ռազմական գործողություններում, ամրագրելով փայլուն հաջողություններ, հերոսական նոր էջեր ավելացնելով պատերազմի տարեգրության մեջ:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ողջունելով հյուրերին, իր ու քաղաքապետարանի, բոլոր ստեփանակերտցիների անունից ջերմորեն շնորհավորեց նրանց Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, նրանց մաղթեց քաջառողջություն, արցախյան երկարակեցություն և խաղաղություն: <<Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ` Արցախյան պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը,- ասաց քաղաքապետը:- Ցավոք, հազարավոր հայորդիներ նահատակվեցին ծանր մարտերում, անավարտ թողնելով բազում իղձերն ու նպատակները: Եվ վերաժեորելով մեր հաղթանակները` ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ` տնտեսության ամենատարբեր ոլորտներում, անհնար է երախտիքի խոսքեր չուղղել մեր այն նահատակներին, որոնց անձնազոհությամբ հնարավոր եղավ ազատ ու անկախ երկիր ունենալ>>: Ս.Գրիգորյանը հավաստիացրեց, որ նրանց օրինակով տասնյակ սերունդներ են դաստիարակվելու: Նա միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ տարեցտարի նոսրանում են Հայրենական մեծ պատերազմի վետերանների շարքերը:
Աշխատանքի և պատերազմի հանրապետական խորհրդի անունից շնորհակալությություն հայտնելով քաղաքապետին` ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար, Սերգեյ Բարսեղյանը հավաստիացրեց, որ վետերանները շարունակելու են իրենց փորձով օգտակար լինել երկրին ու նպաստել նրա շենացմանը: Քաղաքապետ Ս.Գրիգորյանին շնորհակալական խոսքեր ուղղեց և արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Առաքելյանը, ով ընդգծեց, թե վտանգի պահին, որպես հայրենիքի զինվոր, իր մարտական ընկերներով միշտ պատրաստ է ռազմի դաշտ մեկնել ու արժանի հակահարված հասցնել թշնամուն:
Եռատոնի առիթով հյուրերին շնորհավորեցին ու նրանց հաջողություններ և նորանոր հաղթանակներ մաղթեցին գրող, հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:
Հանդիպման ավարտին քաղաքապետարանի անունից Սուրեն Գրիգորյանը հուշանվերներ հանձնեց վետերաններին:
Ընդունելությանը ներկա էին փողխաղաքապետեր Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար