18.12.2019   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների կենսախնդիրներն են քննարկվել դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի  կողմից հրավիրված խորհրդակցությունում, որին ներկա էին կրթօջախների և մանկապարտեզների տնօրենները:

Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է եղել մարզադահլիճների  անմխիթար վիճակի, սանհիգիենիկ պայմանների, լուսավորման և ջեռուցման խնդիրներին: Կրթօջախների ղեկավարները մտահոգություններ են հայտնել շենքերի կադաստրային փաստաթղթերի/վկայականների/ անճշտությունների, դրանց հստակեցման  և ճշգրտման վերաբերյալ, կարևորել հանրակրթական դպրոցների ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով, որ հրավիրված հանդիպումն իր ձևաչափով առաջինն է  նորընտիր  քաղաքապետի հետ, Ե.Չարենցի անվան հիմնական դպրոցի  տնօրեն Անահիտ Պողոսյանը ներկաների անունից շնորհավորել է Դավիթ Սարգսյանին և հաջողություններ մաղթել  մայրաքաղաքի ու նրա բնակիչների առջև ծառացած խնդիրների լուծման, Ստեփանակերտի զարգացման ու բարգավաճման գործում:

Քաղաքապետ Դ.Սարգասյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կրթօջախների հարցերը մշտապես գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և հնարավորության սահմաններում  աջակցելու է դրանց լուծմանը:

Խորհրդակցությանը ներկա էին փոխքաղաքապետներ Սամվել Ղուլյանը, Արմեն Հակոբյանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն