ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ
Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների կենսախնդիրներն են քննարկվել դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կողմից հրավիրված խորհրդակցությունում, որին ներկա էին կրթօջախների և մանկապարտեզների տնօրենները:
Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է եղել մարզադահլիճների անմխիթար վիճակի, սանհիգիենիկ պայմանների, լուսավորման և ջեռուցման խնդիրներին: Կրթօջախների ղեկավարները մտահոգություններ են հայտնել շենքերի կադաստրային փաստաթղթերի/վկայականների/ անճշտությունների, դրանց հստակեցման և ճշգրտման վերաբերյալ, կարևորել հանրակրթական դպրոցների ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով, որ հրավիրված հանդիպումն իր ձևաչափով առաջինն է նորընտիր քաղաքապետի հետ, Ե.Չարենցի անվան հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը ներկաների անունից շնորհավորել է Դավիթ Սարգսյանին և հաջողություններ մաղթել մայրաքաղաքի ու նրա բնակիչների առջև ծառացած խնդիրների լուծման, Ստեփանակերտի զարգացման ու բարգավաճման գործում:
Քաղաքապետ Դ.Սարգասյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կրթօջախների հարցերը մշտապես գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և հնարավորության սահմաններում աջակցելու է դրանց լուծմանը:
Խորհրդակցությանը ներկա էին փոխքաղաքապետներ Սամվել Ղուլյանը, Արմեն Հակոբյանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն