21.10.2019 <<ԵՐԵՎԱՆ-ԵՐԵԲՈՒՆԻ 2801>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Դավիթ Սարգսյանը` պատվիրակության անդամների հետ Երևան է մեկնել` <<Երևան-Էրեբունի 2801>> տոնակատարություններին մասնակցելու համար: Միջոցառումների շրջանակում նորընտիր քաղաքապետին ընդունել է Երևանի քաղաքապետ Հ.Մարությանը, ով իր լիազորություները ստանձնելուց առաջին պաշտոնական այցն է կատարել համայն հայության մայրաքաղաք: Ողջունելով հյուրերին և իր ու քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորելով Դավիթ Սարգսյանին` պաշտոնի ստանձնման կապակցությամբ, Հայկ Մարությանը նշել է,թե ուրախ է ընդունելու <<արևելյան մայրաքաղաքի ներկայացուցիչներին>> և փոխադարձաբար տեղեկանալու մեկմեկու խնդիրներից, կիսվելու նրանց լուծման փորձառությամբ: <<Փոխադարձ այցերը կենսական անհրաժեշտություն են մեզ համար, որովհետև ամեն անգամ մենք լիցքավորվում ենք էներգիայով և, վստահ եմ, որ նույն զգացողությունը Ձեզ մոտ է լինում Երևան այցելելիս>>,- դիմելով Դ.Սարգսյանին` ասել է Երևանի քաղաքապետը: Պատվիրակության անունից Ստեփանակերտի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի խոսքերի համար, իր հերթին շնորհավորել <<Երևան-Էրեբունի 2801>> տոնի առիթով, պատրաստակամություն հայտնել անձնապես նպաստել հայկական երկու հանրապետությունների միջև սկզբնավորված համագործակցության և բարեկամության ամրապնդմանը: Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը պատվիրակության անդամների հետ մասնակցել է տոնի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական միջոցառումներին, ինչպես նաև ներկա է գտնվել Ալ.Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած գալլա համերգին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |