<<ԵՐԵՎԱՆ-ԵՐԵԲՈՒՆԻ 2801>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

21.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Դավիթ Սարգսյանը` պատվիրակության անդամների հետ Երևան է մեկնել` <<Երևան-Էրեբունի 2801>> տոնակատարություններին մասնակցելու համար:

Միջոցառումների շրջանակում նորընտիր քաղաքապետին ընդունել է Երևանի քաղաքապետ Հ.Մարությանը, ով իր լիազորություները ստանձնելուց առաջին պաշտոնական այցն է կատարել համայն հայության մայրաքաղաք: Ողջունելով հյուրերին և իր ու քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորելով Դավիթ Սարգսյանին` պաշտոնի ստանձնման կապակցությամբ, Հայկ Մարությանը նշել է,թե  ուրախ է ընդունելու <<արևելյան մայրաքաղաքի ներկայացուցիչներին>> և փոխադարձաբար տեղեկանալու մեկմեկու  խնդիրներից, կիսվելու նրանց լուծման  փորձառությամբ: <<Փոխադարձ այցերը կենսական անհրաժեշտություն են մեզ համար, որովհետև ամեն անգամ մենք լիցքավորվում ենք էներգիայով և, վստահ եմ, որ նույն զգացողությունը Ձեզ մոտ է լինում Երևան այցելելիս>>,- դիմելով Դ.Սարգսյանին` ասել է Երևանի քաղաքապետը:

Պատվիրակության անունից Ստեփանակերտի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի խոսքերի համար, իր հերթին շնորհավորել <<Երևան-Էրեբունի  2801>> տոնի առիթով, պատրաստակամություն հայտնել անձնապես  նպաստել հայկական երկու հանրապետությունների միջև սկզբնավորված համագործակցության և բարեկամության ամրապնդմանը:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը պատվիրակության անդամների հետ մասնակցել է տոնի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական միջոցառումներին, ինչպես նաև ներկա է գտնվել Ալ.Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած գալլա համերգին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն