06.08.2019 ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Օգոստոսի 6-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությանը, ով Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան մարզադաշտում ներկա է գտնվելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացման արարողությանը: Ողջունելով երևանցի գործընկերոջը, Ստեփանակերտի քաղաքապետը գոհունակություն է հայտնել հերթական այցի կապակցությամբ` համոզված լինելով, որ <<հաճախակի փոխայցելություններն ու հանդիպումները դրական լիցքեր կհաղորդեն իրենց գործընկերային հարաբերություններին ու կնպաստեն երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ու բարեկամության ամրապնդմանը>>: Ս.Գրիգորյանն, առիթից օգտվելով, Հ.Մարությանին հրավիրել է սեպտեմբերին` քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու, ինչը Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է սիրով: Հանդիպմանը քննարկվել են Երևանի ու Ստեփանակերտի կենսական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր գլխավորած պատվիրակության անունից Ստեփանակերտի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և վստահեցրել,որ ողջ ներուժը կօտագործվի երկու մայրաքաղաքների և քաղաքապետարանների միջև ավանդական կապերն առավել սերտացնելու և ամրապնդելու համար: Հ.Մարությանն անդրադարձել է նաև ԼՂՀ անկախության տոնի առթիվ ներկայացուցչական կազմով Ստեփանակերտ ժամանելու ծրագրին, որի համաձայն, մասնավորապես` Վերածննդի հրապարակում հանրահայտ կոմպոզիտոր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի մասնակցությամբ կայանալու է մեծ համերգ: Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները վերջում խորհրդանշական հուշանվերներ են փոխանակել: Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |