ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

06.08.2019

Օգոստոսի 6-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությանը, ով Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան մարզադաշտում  ներկա է գտնվելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացման արարողությանը:

Ողջունելով երևանցի գործընկերոջը, Ստեփանակերտի քաղաքապետը գոհունակություն է հայտնել հերթական այցի կապակցությամբ` համոզված լինելով, որ <<հաճախակի փոխայցելություններն ու հանդիպումները դրական լիցքեր կհաղորդեն իրենց գործընկերային հարաբերություններին ու կնպաստեն երկու մայրաքաղաքների միջև  համագործակցության ընդլայնմանն ու բարեկամության  ամրապնդմանը>>: Ս.Գրիգորյանն, առիթից օգտվելով, Հ.Մարությանին հրավիրել է սեպտեմբերին` քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու, ինչը Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է սիրով: Հանդիպմանը քննարկվել են Երևանի ու Ստեփանակերտի  կենսական խնդիրներին  վերաբերող մի շարք հարցեր:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր գլխավորած պատվիրակության անունից Ստեփանակերտի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և վստահեցրել,որ ողջ ներուժը կօտագործվի երկու մայրաքաղաքների և  քաղաքապետարանների միջև ավանդական կապերն առավել սերտացնելու և ամրապնդելու համար: Հ.Մարությանն անդրադարձել է նաև ԼՂՀ անկախության տոնի առթիվ  ներկայացուցչական կազմով Ստեփանակերտ ժամանելու ծրագրին, որի համաձայն, մասնավորապես` Վերածննդի հրապարակում հանրահայտ կոմպոզիտոր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի մասնակցությամբ  կայանալու է մեծ համերգ:

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները վերջում խորհրդանշական հուշանվերներ են փոխանակել:

Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի  փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն