22.04.2019   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ԿԱՄ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ է նշվել եկեղեցական ավանդական տոնը` Սուրբ Զատիկը, որը մեկնարկել է նորկառույց Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հարակից տարածքում` լուսաճրագի <<փոխանցմամբ>>, որ օր առաջ տուն են տարել մարդիկ` պատարագ մատուցելուց հետո:

Բնակչության տոնական տրամադրությանը նպաստել է  և Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի կողմից պատրաստված հետաքրքիր և հագեցած ծրագիրը: Մշակույթի տան երգի-պարի համույթը` հանրակրթական հաստատությունների աշակերտների մասնակցությամբ հանդես է եկել համերգով, որի ժամանակ հնչել են եկեղեցական, ազգագրական, ժողովրդական երգեր ու խաղիկներ, հայրենասիրական ստեղծագործություններ, օրհնվել է Սուրբ Հարության տոնը, Հիսուսի հարությունը:

<<Զատիկը քրիստոնյաներիս համար եկեղեցական արարողություն չէ միայն, այլ հոգևոր կյանքի վերանորոգման առիթ, բարու հաղթանակ: Այն գարնան և վերակենդանացած բնության տոն է: Եվ պատահական չէ, որ ծառատունկը կատարում ենք հենց այս օրերին` հողին պահ տալով մատղաշ շիվերը, թփերն ու ծաղկասածիլները>>,- ասում է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցի փոխտնօրեն Կարինե Աբրահամյանը:

Միջոցառմանն առանձնակի շուք են հաղորդել քաղաքի տարբեր կրթօջախների և ստեղծագործական տների սովորողների` տոն օրվա խորհուրդը բնորոշող զատկական առատ սեղաները` գեղարվեստական հյութեղ  ու ներդաշնակ ձևավորմամբ: Շուրջ երեք տասնյակ տաղավարներում դպրոցականների կողմից ներկայացվել էին նաև նկարչական և ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ: Կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք և այցելուներից ոչ-ոք անտարբեր չէր կարող մնալ տոնական գայթակղիչ առատ տեսականու նկատմամբ:

Պետական այրերի ուղեկցությամբ տաղավար է այցելել և հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով շրջելով ու ծանոթանալով երեխաների կողմից հեղինակած  ցուցանմուշներին, զատկական մրգեղենով ու անուշեղենով լի ձևավորված  զամբյուղներին, գովեստի խոսքեր հնչեցրեց նրանց և դասավանդող ուսուցիչների հասցեին:

 Հայտարարված մրցույթում լավագույնը ճանաչված խմբերն արժանացել են քաղաքապետարանի սահմանած մրցանակներին: Հատկանշական է, որ  նվերներ են ստացել միջոցառման մասնակից  բոլոր  փոքրիկները:  <<Այս    ձեռնարկմամբ       մեր աշակերտները փորձել են  անսասան պահել մեր հավատը, ազգային ոգին, մեր եկեղեցական ավանդույթներն ու սովորությունները,- գտնում է մայրաքաղաքի  8-րդ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Պետրոսյանը: - Տոնական միջոցառումն, անկասկած խորհրդանշում է նաև մեր ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը>>,- համոզված է նա:

Այցելուները կազմակերպիչների կողմից հյուրասիրվել են թխվածքաբլիթներով և չրամրգերով:

Հավելենք, որ Սուրբ Հարության տոնի առթիվ Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մայրաքաղաքի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում Սուրբ պատարագ է մատուցել, որին բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ  ներկա է գտնվել նախագահ Բակո Սահակյանը:

   Մայր Տաճարում մատուցված սուրբ պատարագին ներկա է գտնվել և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն