Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ է նշվել եկեղեցական ավանդական տոնը` Սուրբ Զատիկը, որը մեկնարկել է նորկառույց Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հարակից տարածքում` լուսաճրագի <<փոխանցմամբ>>, որ օր առաջ տուն են տարել մարդիկ` պատարագ մատուցելուց հետո:
Բնակչության տոնական տրամադրությանը նպաստել է և Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի կողմից պատրաստված հետաքրքիր և հագեցած ծրագիրը: Մշակույթի տան երգի-պարի համույթը` հանրակրթական հաստատությունների աշակերտների մասնակցությամբ հանդես է եկել համերգով, որի ժամանակ հնչել են եկեղեցական, ազգագրական, ժողովրդական երգեր ու խաղիկներ, հայրենասիրական ստեղծագործություններ, օրհնվել է Սուրբ Հարության տոնը, Հիսուսի հարությունը:
<<Զատիկը քրիստոնյաներիս համար եկեղեցական արարողություն չէ միայն, այլ հոգևոր կյանքի վերանորոգման առիթ, բարու հաղթանակ: Այն գարնան և վերակենդանացած բնության տոն է: Եվ պատահական չէ, որ ծառատունկը կատարում ենք հենց այս օրերին` հողին պահ տալով մատղաշ շիվերը, թփերն ու ծաղկասածիլները>>,- ասում է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցի փոխտնօրեն Կարինե Աբրահամյանը:
Միջոցառմանն առանձնակի շուք են հաղորդել քաղաքի տարբեր կրթօջախների և ստեղծագործական տների սովորողների` տոն օրվա խորհուրդը բնորոշող զատկական առատ սեղաները` գեղարվեստական հյութեղ ու ներդաշնակ ձևավորմամբ: Շուրջ երեք տասնյակ տաղավարներում դպրոցականների կողմից ներկայացվել էին նաև նկարչական և ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ: Կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք և այցելուներից ոչ-ոք անտարբեր չէր կարող մնալ տոնական գայթակղիչ առատ տեսականու նկատմամբ:
Պետական այրերի ուղեկցությամբ տաղավար է այցելել և հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով շրջելով ու ծանոթանալով երեխաների կողմից հեղինակած ցուցանմուշներին, զատկական մրգեղենով ու անուշեղենով լի ձևավորված զամբյուղներին, գովեստի խոսքեր հնչեցրեց նրանց և դասավանդող ուսուցիչների հասցեին:
Հայտարարված մրցույթում լավագույնը ճանաչված խմբերն արժանացել են քաղաքապետարանի սահմանած մրցանակներին: Հատկանշական է, որ նվերներ են ստացել միջոցառման մասնակից բոլոր փոքրիկները: <<Այս ձեռնարկմամբ մեր աշակերտները փորձել են անսասան պահել մեր հավատը, ազգային ոգին, մեր եկեղեցական ավանդույթներն ու սովորությունները,- գտնում է մայրաքաղաքի 8-րդ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Պետրոսյանը: - Տոնական միջոցառումն, անկասկած խորհրդանշում է նաև մեր ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը>>,- համոզված է նա:
Այցելուները կազմակերպիչների կողմից հյուրասիրվել են թխվածքաբլիթներով և չրամրգերով:
Հավելենք, որ Սուրբ Հարության տոնի առթիվ Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մայրաքաղաքի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում Սուրբ պատարագ է մատուցել, որին բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ ներկա է գտնվել նախագահ Բակո Սահակյանը:
Մայր Տաճարում մատուցված սուրբ պատարագին ներկա է գտնվել և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն