30.11.2018   ԱՐԺԵՎՈՐՎՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

 

Նոյեմբերի 30-ին, ոստիկանի մասնագիտական տոնի կապակցությամբ  քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել  է ոստիկանության համակարգի մի խումբ աշխատողների:

Կարևորելով ոստիկանության դերը երկրի անվտանգության և հասարակական կարգի պահպանման  գործում, Ս.Գրիգորյանը մասնավորապես նշել է, թե արցախյան  պատերազմի տարիներին, ի թիվս մեր շատ հայրենակիցների, վճռական պահերին ինչպիսի անձնվիրություն և սխրանք են դրսևորել համակարգի աշխատողները` հայտնվելով առաջնագծում:

<<Արժանապատվորեն  կատարելով  հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ պարտականությունը, նրանք արժանացել են մարտական բարձր պարգևների: Ցավոք, մարտադաշտից ոմանք տուն չվերադարձան: Հավերժ փառք  ու պատիվ  Արցախի ազատագրության համար նահատակված մեր հերոս քաջորդիներին, - ընդգծել է քաղաքապետը: - Անգնհատելի է ոստիկանության համակարգի աշխատողների առաքելությունն անկախության,  պետականության  ամրապնդման, օրինականության և կարգուկանոնի պահպանման խնդրում: Այդ առումով  հատուկ ուզում եմ նշել   ոստիկանության քաղաքային վարչության ծառայողների առաքելությունը` մայրաքաղաք Ստեփանակերտում հասարակական կարգը պահպանելու, մասնագիտական իրենց պարտականությունները կատարելու գործում: Ձեզնից յուրաքանչյուրը կարևոր աշխատանք է կատարում իր պարտավորությունների շրջանակում` նպաստելով հասարակական կարգի պահպանմանը, երիտասարդության, մատաղ սերնդի դաստիարակությանը, համակարգի հեղինակության բարձրացմանը>>:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից, Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իր անունից քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրերին ի սրտե շնորհավորեց մասնագիտական տոնի կապակցությամբ, ծառայության մեջ մաղթեց նորանոր հաջողություններ  ու ձեռքբերումներ, անձնական երջանկություն և ամենայն բարիք:

Վերջում քաղաքապետը պատվոգրեր և նվերներ է հանձնել համակարգի մի խումբ աշխատողների:

Պարգևատրվածների անունից շնորհակալություն հայտնելով Ս.Գրիգորյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Միքայել Գաբրիելյանը և քրեական հետախուզության բաժնի պետ, մայոր Բորիս Ջալավյանը վստահեցրել են, որ այսուհետ ևս պատվով կկատարեն իրենց պարտականությունները, անմնացորդ ու նվիրումով կշարունակեն ծառայել ժողովրդին, Արցախ աշխարհին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն