ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Նոյեմբերի 30-ին, ոստիկանի մասնագիտական տոնի կապակցությամբ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է ոստիկանության համակարգի մի խումբ աշխատողների:
Կարևորելով ոստիկանության դերը երկրի անվտանգության և հասարակական կարգի պահպանման գործում, Ս.Գրիգորյանը մասնավորապես նշել է, թե արցախյան պատերազմի տարիներին, ի թիվս մեր շատ հայրենակիցների, վճռական պահերին ինչպիսի անձնվիրություն և սխրանք են դրսևորել համակարգի աշխատողները` հայտնվելով առաջնագծում:
<<Արժանապատվորեն կատարելով հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ պարտականությունը, նրանք արժանացել են մարտական բարձր պարգևների: Ցավոք, մարտադաշտից ոմանք տուն չվերադարձան: Հավերժ փառք ու պատիվ Արցախի ազատագրության համար նահատակված մեր հերոս քաջորդիներին, - ընդգծել է քաղաքապետը: - Անգնհատելի է ոստիկանության համակարգի աշխատողների առաքելությունն անկախության, պետականության ամրապնդման, օրինականության և կարգուկանոնի պահպանման խնդրում: Այդ առումով հատուկ ուզում եմ նշել ոստիկանության քաղաքային վարչության ծառայողների առաքելությունը` մայրաքաղաք Ստեփանակերտում հասարակական կարգը պահպանելու, մասնագիտական իրենց պարտականությունները կատարելու գործում: Ձեզնից յուրաքանչյուրը կարևոր աշխատանք է կատարում իր պարտավորությունների շրջանակում` նպաստելով հասարակական կարգի պահպանմանը, երիտասարդության, մատաղ սերնդի դաստիարակությանը, համակարգի հեղինակության բարձրացմանը>>:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից, Ստեփանակերտի քաղաքապետարանի և անձամբ իր անունից քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրերին ի սրտե շնորհավորեց մասնագիտական տոնի կապակցությամբ, ծառայության մեջ մաղթեց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, անձնական երջանկություն և ամենայն բարիք:
Վերջում քաղաքապետը պատվոգրեր և նվերներ է հանձնել համակարգի մի խումբ աշխատողների:
Պարգևատրվածների անունից շնորհակալություն հայտնելով Ս.Գրիգորյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Միքայել Գաբրիելյանը և քրեական հետախուզության բաժնի պետ, մայոր Բորիս Ջալավյանը վստահեցրել են, որ այսուհետ ևս պատվով կկատարեն իրենց պարտականությունները, անմնացորդ ու նվիրումով կշարունակեն ծառայել ժողովրդին, Արցախ աշխարհին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն