07.11.2018   ՔԱՂԱՔԱՊԵՏ Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ

 

Սիրելի հայրենակիցներ

 Քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի 80-ամյակի կապակցությամբ: 8 տասնամյակ անընդմեջ  դպրոցը թողարկել է երաժշտական կրթությամբ շրջանավարտներ, որոնցից շատերը շարունակելով ուսումը`միջնակարգ և բարձրագույն հաստատություններում, դարձել են  արվեստի նշանավոր գործիչներ, արհեստավարժ  երաժիշտներ, երգիչներ:

Հատկանշական է, որ  կրթօջախում  են իրենց մկրտությունը ստացել պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան  կոնսերվատորիայի ժողգործիքների բաժնի ղեկավար Անժելա Աթաբեկյանը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի թատրոնի նախկին մեներգչուհի Լիլիա Օվչիյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի դասատու Անահիտ Քոչարյանը, երգահան Արմեն Նասիբյանը, երաժշտական ուսումնարանի նախկին տնօրեն Վիոլետա Բաղդասարյանը, երաժշտական դպրոցի առաջատար մասնագետ Բելլա Հակոբջանյանը և շատ ու շատ  ուրիշներ, որոնք ներկա սերնդի համար վառ օրինակ են հանդիսանում:

Կրելով հայ դասական երաժշտության հիմնադիր Մեծն Կոմիտասի անունը, երաժշտական դպրոցի կոլեկտիվը շարունակում է զարգացնել հարուստ ավանդույթները, կրթել և նախասիրությունների շրջանակում ուղղորդել իր սաներին, երաժշտական գիտելիքներով սնել և  նպաստել նրանց ընդունակությունների  դրսևորմանը: Իսկ դրանում, բնականաբար, նշանակալի է երաժիշտ-մասնագետների, ուսուցիչների դերը:

Բարեկամներ  հոբելյանի առթիվ, Ստեփանակերտի քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից վերստին շնորհավորում եմ երաժշտական դպրոցի կոլեկտիվի բոլոր անդամներին ու մաղթում ստեղծագործական  հաջողություններ, նորանոր հոբելյաններ: