Սիրելի հայրենակիցներ
Քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի 80-ամյակի կապակցությամբ: 8 տասնամյակ անընդմեջ դպրոցը թողարկել է երաժշտական կրթությամբ շրջանավարտներ, որոնցից շատերը շարունակելով ուսումը`միջնակարգ և բարձրագույն հաստատություններում, դարձել են արվեստի նշանավոր գործիչներ, արհեստավարժ երաժիշտներ, երգիչներ:
Հատկանշական է, որ կրթօջախում են իրենց մկրտությունը ստացել պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողգործիքների բաժնի ղեկավար Անժելա Աթաբեկյանը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախկին մեներգչուհի Լիլիա Օվչիյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի դասատու Անահիտ Քոչարյանը, երգահան Արմեն Նասիբյանը, երաժշտական ուսումնարանի նախկին տնօրեն Վիոլետա Բաղդասարյանը, երաժշտական դպրոցի առաջատար մասնագետ Բելլա Հակոբջանյանը և շատ ու շատ ուրիշներ, որոնք ներկա սերնդի համար վառ օրինակ են հանդիսանում:
Կրելով հայ դասական երաժշտության հիմնադիր Մեծն Կոմիտասի անունը, երաժշտական դպրոցի կոլեկտիվը շարունակում է զարգացնել հարուստ ավանդույթները, կրթել և նախասիրությունների շրջանակում ուղղորդել իր սաներին, երաժշտական գիտելիքներով սնել և նպաստել նրանց ընդունակությունների դրսևորմանը: Իսկ դրանում, բնականաբար, նշանակալի է երաժիշտ-մասնագետների, ուսուցիչների դերը:
Բարեկամներ հոբելյանի առթիվ, Ստեփանակերտի քաղաքապետարանի ողջ անձնակազմի անունից վերստին շնորհավորում եմ երաժշտական դպրոցի կոլեկտիվի բոլոր անդամներին ու մաղթում ստեղծագործական հաջողություններ, նորանոր հոբելյաններ: