18.06.2018   ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

   

  ՎԵՐԱՑՎՈՒՄ ԵՆ  ԱՂԵՏԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

Հունիսի 17-ին պատուհասած աղետը նոր փորձությունների առաջ է կանգնեցրել Ստեփանակերտ  քաղաքի և  հարևան համայնքների բնակչությանը: Ցայտնոտի մեջ հայտնված  մարդիկ դժվարանում են ճիշտ անվանում գտնել տեղի ունեցած  տագնապալի երևույթը բնորոշելու համար: Ինչ էր այն. ցունամի, հոդառատ անձրևին <<ուղեկցող>> կարկտախառն հզոր քամի, որ 25 րոպեում  տակնուվրա արեց քաղաքը` պատճառելով  հսկայական վնասներ:

Կատաղած քամին պոկել է բարձրահարկ  շենքերի և տների բազմաթիվ տանիքներ, տապալել հսկա ծառեր, էլեկտրական սյուներ, հենապատեր, գովազդող վահանակներ, ամբողջովին հողին հավասարեցրել ծաղկուն պուրակներն ու սիզամարգերը, որ րոպեներ առաջ բուրում էին և գեղագիտական մեծ  բավականություն պատճառում անցորդներին: Աղետից զգալիորեն տուժել են  կրթօջախներ, հասարակական շինություններ, տասնյակ խանութներ ու  սրահներ, կարկտի <<զոհ դարձել>> հարյուրավոր ավտոմեքենաներ: Շուրջ 10 ժամ է պահանջվել, որպեսզի քաղաքային էլեկտրացանցի կողմից առանձնացված  բրիգադները լարված աշխատեն ու վերացնեն վթարները:

Մայրաքաղաքի բնականոն կյանքը, մասնավորապես` երթևեկությունն արագ բարելավելու, կաթվածահար իրավիճակը կանոնակարգելու նպատակով, ուժեղացված ռեժիմով  աղետի հետևանքների վերացմանն  են ձեռնամուխ եղել ԱՀ արտակարգ իրավիճակների և ոստիկանության ծառայությունների ստորաբաժանումները, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Ջրմուղ-կոյուղի>>, <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերությունների և հիմնարկ-ձեռնարկությունների  բրիգադները: Նրանք աշխատել են ոչ միայն ցերեկը, այլև գիշերվա  ժամերին:

Վերականգնողական աշխատանքները շարունակվում են  լայն թափով` ամենատարբեր ուղղություններով: Ինչպես ԱՀ  քաղաքաշինության նախարարությանը կից, այնպես էլ Ստեփանակերտի քաղաքապետարանում ձևավորվել են համապատասխան   հանձնաժողովներ` ստացվող դիմումներն ու բողոքները գրանցելու և ընթացքավորելու, բնակչությանը պատճառած վնասի չափերը հստակեցնելու և համապատասխան օգնություն տրամադրելու համար: Երկրի Նախագահի մոտ հրավիրված ընդլայնված խորհրդակցությունում, ընդգծվել է մարդկանց պահանջներին արագ արձագանքելու  և առաջնահերթ խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությունը: Պայմանավորվածության  համաձայն, քաղաքաշինության նախարարութունը  ստանձնել է բազմաբնակարանոց շենքերի տանիքների հիմնանորոգման, <<Բնակարանային շահագործման  տնտեսություն>> ընկերությունը` մասնակի, իսկ  Ստեփանակերտի քաղաքապետարանը`  կարկտահարությունից և սելավից տուժած սեփական տների տանիքների համար  թիթեղ տրամադրելու  պարտավորությունները:

Գործընթացը սկսված է, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում  աղետի հետևանքները վերացնելու, փորձություններին դիմակայելու, քաղաքի բնականոն լիարժեք կյանքը վերականգնելու ուղղությամբ: 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն