ՎԵՐԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՂԵՏԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Հունիսի 17-ին պատուհասած աղետը նոր փորձությունների առաջ է կանգնեցրել Ստեփանակերտ քաղաքի և հարևան համայնքների բնակչությանը: Ցայտնոտի մեջ հայտնված մարդիկ դժվարանում են ճիշտ անվանում գտնել տեղի ունեցած տագնապալի երևույթը բնորոշելու համար: Ինչ էր այն. ցունամի, հոդառատ անձրևին <<ուղեկցող>> կարկտախառն հզոր քամի, որ 25 րոպեում տակնուվրա արեց քաղաքը` պատճառելով հսկայական վնասներ:
Կատաղած քամին պոկել է բարձրահարկ շենքերի և տների բազմաթիվ տանիքներ, տապալել հսկա ծառեր, էլեկտրական սյուներ, հենապատեր, գովազդող վահանակներ, ամբողջովին հողին հավասարեցրել ծաղկուն պուրակներն ու սիզամարգերը, որ րոպեներ առաջ բուրում էին և գեղագիտական մեծ բավականություն պատճառում անցորդներին: Աղետից զգալիորեն տուժել են կրթօջախներ, հասարակական շինություններ, տասնյակ խանութներ ու սրահներ, կարկտի <<զոհ դարձել>> հարյուրավոր ավտոմեքենաներ: Շուրջ 10 ժամ է պահանջվել, որպեսզի քաղաքային էլեկտրացանցի կողմից առանձնացված բրիգադները լարված աշխատեն ու վերացնեն վթարները:
Մայրաքաղաքի բնականոն կյանքը, մասնավորապես` երթևեկությունն արագ բարելավելու, կաթվածահար իրավիճակը կանոնակարգելու նպատակով, ուժեղացված ռեժիմով աղետի հետևանքների վերացմանն են ձեռնամուխ եղել ԱՀ արտակարգ իրավիճակների և ոստիկանության ծառայությունների ստորաբաժանումները, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Ջրմուղ-կոյուղի>>, <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերությունների և հիմնարկ-ձեռնարկությունների բրիգադները: Նրանք աշխատել են ոչ միայն ցերեկը, այլև գիշերվա ժամերին:
Վերականգնողական աշխատանքները շարունակվում են լայն թափով` ամենատարբեր ուղղություններով: Ինչպես ԱՀ քաղաքաշինության նախարարությանը կից, այնպես էլ Ստեփանակերտի քաղաքապետարանում ձևավորվել են համապատասխան հանձնաժողովներ` ստացվող դիմումներն ու բողոքները գրանցելու և ընթացքավորելու, բնակչությանը պատճառած վնասի չափերը հստակեցնելու և համապատասխան օգնություն տրամադրելու համար: Երկրի Նախագահի մոտ հրավիրված ընդլայնված խորհրդակցությունում, ընդգծվել է մարդկանց պահանջներին արագ արձագանքելու և առաջնահերթ խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությունը: Պայմանավորվածության համաձայն, քաղաքաշինության նախարարութունը ստանձնել է բազմաբնակարանոց շենքերի տանիքների հիմնանորոգման, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> ընկերությունը` մասնակի, իսկ Ստեփանակերտի քաղաքապետարանը` կարկտահարությունից և սելավից տուժած սեփական տների տանիքների համար թիթեղ տրամադրելու պարտավորությունները:
Գործընթացը սկսված է, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում աղետի հետևանքները վերացնելու, փորձություններին դիմակայելու, քաղաքի բնականոն լիարժեք կյանքը վերականգնելու ուղղությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն