07.05.2018   ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՏՎՈԳՐԵՐ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ

 

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շարքում ևս մի ուշագրավ ձեռնարկում իրագործվեց:  Ամփոփվեցին Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից  հայտարարված <<Ստեղծագործում են մեր աշակերտները>>  և  <<Վարդագույն  երազների ամիս>> թեմաներով դպրոցականների գրած ստեղծագործական շարադրությունների արդյունքները:

Մայիսի 7-ին քաղաքապետարանի նիստերի մեծ դահլիճում  հյուրընկալվել էին մրցույթում աչքի ընկած աշակերտներն ու նրանց դասավանդող հայոց լեզվի և գրականության ուսուցիչները: Կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանն ամփոփ խոսքով ներկայացրեց  կատարված աշխատանքները` արժեորելով    լավագույն ճանաչված գործերը:

Հասցեատերերին /նաև` լեզվի ու գրականության ուսուցիչներին/, պարգևատրելով պատվոգրերով և հուշանվերներով, քաղաքապետ Սուրեն  Գրիգորյանը ներկաներին շնորհավորեց մայիսյան տոների, ինչպես նաև`  մրցույթում պատվավոր  տեղեր  գրավելու համար` մաղթելով նրանց խաղաղություն,  գիտելիքներին տիրապետելու կամք և հաստատակամություն, նորանոր ձեռքբերումներ:

Արժեորելով  տոները և դրանք համարելով ժողովրդի միասնության ու հաղթանակների գրավական, քաղաքապետ Ս.Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ շնորհաշատ աշակերտներն ուսուցիչների աջակցությամբ կշարունակեն հարստացնել իրենց գիտելիքներն ու կարողությունները և կյանքում անպայման կգտնեն իրենց տեղը, հայրենիքի համար  պիտանի  մարդիկ կդառնան, բարձր կպահեն   կրթօջախի, մայրաքաղաք Ստեփանակերտի պատիվը:

Ուսուցիչների անունից ավանդական մրջոցառման կազմակերպման  և  գնահատանքի  համար շնորհակալական խոսքով հանդես  եկավ  հ.8 ավագ դպրոցի ուսուցչուհի Լիանա  Ներսիսյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն