ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՏՎՈԳՐԵՐ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շարքում ևս մի ուշագրավ ձեռնարկում իրագործվեց: Ամփոփվեցին Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից հայտարարված <<Ստեղծագործում են մեր աշակերտները>> և <<Վարդագույն երազների ամիս>> թեմաներով դպրոցականների գրած ստեղծագործական շարադրությունների արդյունքները:
Մայիսի 7-ին քաղաքապետարանի նիստերի մեծ դահլիճում հյուրընկալվել էին մրցույթում աչքի ընկած աշակերտներն ու նրանց դասավանդող հայոց լեզվի և գրականության ուսուցիչները: Կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանն ամփոփ խոսքով ներկայացրեց կատարված աշխատանքները` արժեորելով լավագույն ճանաչված գործերը:
Հասցեատերերին /նաև` լեզվի ու գրականության ուսուցիչներին/, պարգևատրելով պատվոգրերով և հուշանվերներով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկաներին շնորհավորեց մայիսյան տոների, ինչպես նաև` մրցույթում պատվավոր տեղեր գրավելու համար` մաղթելով նրանց խաղաղություն, գիտելիքներին տիրապետելու կամք և հաստատակամություն, նորանոր ձեռքբերումներ:
Արժեորելով տոները և դրանք համարելով ժողովրդի միասնության ու հաղթանակների գրավական, քաղաքապետ Ս.Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ շնորհաշատ աշակերտներն ուսուցիչների աջակցությամբ կշարունակեն հարստացնել իրենց գիտելիքներն ու կարողությունները և կյանքում անպայման կգտնեն իրենց տեղը, հայրենիքի համար պիտանի մարդիկ կդառնան, բարձր կպահեն կրթօջախի, մայրաքաղաք Ստեփանակերտի պատիվը:
Ուսուցիչների անունից ավանդական մրջոցառման կազմակերպման և գնահատանքի համար շնորհակալական խոսքով հանդես եկավ հ.8 ավագ դպրոցի ուսուցչուհի Լիանա Ներսիսյանը:
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն