05.03.2018 ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԷՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ
ՏՈՆԱԿԱՆ ՀԱԳԵՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արցախյան ազգային-ազտագրական պայքարի /Ղարաբաղյան շարժման/ 30-րդ տարելիցին նվիրված տոնական միջոցառումների շարքը համալրվեց ևս մի ուշագրավ հանդիսությամբ: Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների և ուսումական հաստատությունների սովորողների և ուսուցիչների ուժերով Ա.Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր տոնական հագեցած ծրագիր: Իսկ նախաձեռնությունը` Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնինն է: Հյուրերը, որոնց թվում էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներ, մտավորականության ներկայացուցիչներ, մինչև համերգը` կրթօջախի բակում ծանոթացան շնորհաշատ աշակերտների` ազատագրական պայքարի 30-ամյա հոբելյանին նվիրված նկարներին /կտավներին/, ըմբոշխնեցին քանոնահարների գեղեցիկ ու ներդաշնակ նվագը, դիտեցին պարող խմբերի միասնական շուրջպարը և ջերմ ծափերով ոգևորեցին նրանց: Ապա դպրոցի ընդարձակ դահլիճում կայացավ տոնական մեծ համերգ, որին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի հանրակրթական տարբեր հաստատությունների սովորողներ: Ծրագրում ընդգրկված էին ազգային, ժողովրդական, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հորդաբուխ հնչեցին հայրենիքին, հայոց բանակին նվիրված երգեր ու պարեր, չափածո ստեղծագործություններ, փառաբանվեց հայ զինվորն ու շարժման ակտիվ գործիչը, մտավորականն ու շինարարը, հայ շենականը: Եվ հանդիսատեսը, համակ ուշադրությամբ ունկնդրում էր այդ ամենը` ջերմ ծափերով վարձատրելով ելույթ ունեցողներին: Հիշարժան տոնի կապակցությամբ ներկաներին ջերմորեն շնորհավորեց ու շարժման ակտիվ մասնակիցների ավանդն արժևորեց քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |