ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ԷՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ

05.03.2018

ՏՈՆԱԿԱՆ ՀԱԳԵՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Արցախյան ազգային-ազտագրական պայքարի /Ղարաբաղյան շարժման/ 30-րդ տարելիցին նվիրված տոնական միջոցառումների  շարքը համալրվեց ևս մի ուշագրավ հանդիսությամբ:

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների և ուսումական հաստատությունների սովորողների և ուսուցիչների ուժերով Ա.Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր տոնական հագեցած ծրագիր: Իսկ նախաձեռնությունը` Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնինն է:

Հյուրերը, որոնց թվում էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներ, մտավորականության ներկայացուցիչներ, մինչև համերգը`  կրթօջախի բակում ծանոթացան շնորհաշատ աշակերտների` ազատագրական պայքարի 30-ամյա հոբելյանին նվիրված նկարներին /կտավներին/,  ըմբոշխնեցին քանոնահարների գեղեցիկ ու ներդաշնակ նվագը, դիտեցին պարող խմբերի միասնական շուրջպարը և ջերմ ծափերով ոգևորեցին նրանց:

Ապա դպրոցի ընդարձակ դահլիճում  կայացավ տոնական մեծ համերգ, որին իրենց մասնակցությունը բերեցին  քաղաքի հանրակրթական տարբեր հաստատությունների  սովորողներ: Ծրագրում ընդգրկված էին ազգային, ժողովրդական, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հորդաբուխ հնչեցին հայրենիքին, հայոց բանակին նվիրված երգեր ու պարեր, չափածո ստեղծագործություններ, փառաբանվեց հայ զինվորն ու շարժման ակտիվ  գործիչը, մտավորականն ու շինարարը, հայ շենականը: Եվ հանդիսատեսը, համակ ուշադրությամբ ունկնդրում էր այդ ամենը` ջերմ ծափերով վարձատրելով ելույթ ունեցողներին:

Հիշարժան տոնի կապակցությամբ ներկաներին ջերմորեն շնորհավորեց ու շարժման ակտիվ մասնակիցների  ավանդն  արժևորեց քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն