28.02.2018   ԱՅՍՕՐ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԵՂԵՌՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ Է

ՋԱՐԴԵՐ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉՍՏԱՑԱՆ

 

Փետրվարի 28-ին սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիր ձգվող մարդկանց երթը չէր դադարում: Նրանց շարքերում էին քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողների, բուհերի, ուսումնական այլ հաստատությունների դասախոսներ, մանկավարժներ, ուսանողներ: Հայերի սպանդը դատապարտող ցուցապաստառներով, եղեռնին զոհ գնացած մարդկանց դիմանկարներով, կոչերով, նրանք հուշահամալիր էին շտապում իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու: <<Եթե ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, նոր սումգայիթներ չէին լինի>>, այս կարգախոսով անցավ հանրահավաքը:

Զոհերի հիշատակը հարգելու էին եկել նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը`  մի խումբ պաշտոնատար անձանց և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ: Այստեղ էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Երկրի  ղեկավարության, տարբեր գերատեսչությունների, այդ թվում` Ստեփանակերտի քաղաքապետարանի անունից ծաղկեպսակներ են տեղադրվում Սումգայիթում նահատակված հայրենակիցների հիշատակը խորհրդանշող հուշաքարին:

Պարգև սրբազանի հանդիսապետությամբ  կատարվեց  հոգեհանգստի և ոգեկոչման արարողություն:   

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն