ՋԱՐԴԵՐ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉՍՏԱՑԱՆ
Փետրվարի 28-ին սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիր ձգվող մարդկանց երթը չէր դադարում: Նրանց շարքերում էին քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողների, բուհերի, ուսումնական այլ հաստատությունների դասախոսներ, մանկավարժներ, ուսանողներ: Հայերի սպանդը դատապարտող ցուցապաստառներով, եղեռնին զոհ գնացած մարդկանց դիմանկարներով, կոչերով, նրանք հուշահամալիր էին շտապում իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու: <<Եթե ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, նոր սումգայիթներ չէին լինի>>, այս կարգախոսով անցավ հանրահավաքը:
Զոհերի հիշատակը հարգելու էին եկել նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` մի խումբ պաշտոնատար անձանց և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ: Այստեղ էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Երկրի ղեկավարության, տարբեր գերատեսչությունների, այդ թվում` Ստեփանակերտի քաղաքապետարանի անունից ծաղկեպսակներ են տեղադրվում Սումգայիթում նահատակված հայրենակիցների հիշատակը խորհրդանշող հուշաքարին:
Պարգև սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի և ոգեկոչման արարողություն:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն