29.11.2017   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՁՄՌԱՆ ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐԻՆ

 

Աշնանային տաք, բարեհաճ եղանակներին վերջերս հաջորդած ցրտերը հուշում են, որ ձմեռն իր իրավունքների մեջ է, պետք է զգաստանալ և  ըստամենայնի նախապատրաստվել` հաղթահարելու ցանկացած անկանխատեսելի դժվարություն և փորձություն:

Արցախում այդ իրողությունների հաշվառումով են առաջնորդվում պետական հիմնարկները, կենսապահովման ոլորտի կառույցներն ու կազմակերպությունները: Բնության քմահաճույքներին դիմագրավելու լայնածավալ միջոցառումների ծրագիր է մշակվել Ստեփանակերտի քաղաքապետարանում, որը ներառում է ինչպես ենթակայության տակ գտնվող, այնպես էլ` մայրաքաղաքի ամենատարբեր հիմնարկ-ձեռնարկություններ ու ընկերություններ: Ծրագրում, մասնավորապես ամրագրված է, թե քաղաքում ձմռան ամիսներին առատ ձյան պատճառով ռաջացած արտակարգ իրավիճակներում ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն, և ովքեր  են անհրաժեշտ տեխնիկա և մարդկային ներուժ ապահովող անձինք:

Թե ինչպիսի խնդիրներ և անելիքներ են  ծառացած պատասխանատուների առաջ, այդ մասին  շահագրգիռ խոսակցություն է ծավալվել նոյեմբերի 29-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից` քաղաքապետարանում հրավիրված ընդլայնված խորհրդակցությունում, որին բաժնի պետերից բացի, ներկա էին քաղաքաշինության փոխնախարար Պավել Նաջարյանը, բազմաթիվ հիմնարկների  և շինարարական կազմակերպությունների ղեկավարներ:  Ս.Գրիգորյանը շեշտելով միջոցառումների ծրագրի կարևորությունը` զգոնություն դրսևորելու և արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի բնականոն կյանքն ապահովելու գործում, ներկաներին կոչ արեց բազմակողմանիորեն նախապատրաստվել  ձմռանը և հաջողությամբ  քննություն բռնել,  միասնաբար հաղթահարել  բոլոր դժվարությունները:

<<Ամենաբարդ իրավիճակներում անգամ, որքան էլ որ ձմեռը ցրտաշունչ և ձյունառատ լինի, քաղաքի բնականոն կյանքը երբեք չպետք է խաթարվի: Այս ճշմարտությունը  պիտի գիտակցենք բոլորս, և հնարավորությունների  սահմաններում ձգտենք նպաստել երթևեկության անվտանգության պահպանմանը,- ասաց Սուրեն Գրիգորյանը: - Դժվարանցանելի  փողոց, հրապարակ, բակ, կամ էլ` մայթ չպետք է լինեն>>,- կարծիք հայտնեց նա` հիմնարկների, շինարարական  կառույցների ղեկավարներին հորդորելով միշտ պատրաստ  ու <<մարտական վիճակում>>  պահել տեխնիկան: 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն