ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՁՄՌԱՆ ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐԻՆ
Աշնանային տաք, բարեհաճ եղանակներին վերջերս հաջորդած ցրտերը հուշում են, որ ձմեռն իր իրավունքների մեջ է, պետք է զգաստանալ և ըստամենայնի նախապատրաստվել` հաղթահարելու ցանկացած անկանխատեսելի դժվարություն և փորձություն:
Արցախում այդ իրողությունների հաշվառումով են առաջնորդվում պետական հիմնարկները, կենսապահովման ոլորտի կառույցներն ու կազմակերպությունները: Բնության քմահաճույքներին դիմագրավելու լայնածավալ միջոցառումների ծրագիր է մշակվել Ստեփանակերտի քաղաքապետարանում, որը ներառում է ինչպես ենթակայության տակ գտնվող, այնպես էլ` մայրաքաղաքի ամենատարբեր հիմնարկ-ձեռնարկություններ ու ընկերություններ: Ծրագրում, մասնավորապես ամրագրված է, թե քաղաքում ձմռան ամիսներին առատ ձյան պատճառով ռաջացած արտակարգ իրավիճակներում ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն, և ովքեր են անհրաժեշտ տեխնիկա և մարդկային ներուժ ապահովող անձինք:
Թե ինչպիսի խնդիրներ և անելիքներ են ծառացած պատասխանատուների առաջ, այդ մասին շահագրգիռ խոսակցություն է ծավալվել նոյեմբերի 29-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից` քաղաքապետարանում հրավիրված ընդլայնված խորհրդակցությունում, որին բաժնի պետերից բացի, ներկա էին քաղաքաշինության փոխնախարար Պավել Նաջարյանը, բազմաթիվ հիմնարկների և շինարարական կազմակերպությունների ղեկավարներ: Ս.Գրիգորյանը շեշտելով միջոցառումների ծրագրի կարևորությունը` զգոնություն դրսևորելու և արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի բնականոն կյանքն ապահովելու գործում, ներկաներին կոչ արեց բազմակողմանիորեն նախապատրաստվել ձմռանը և հաջողությամբ քննություն բռնել, միասնաբար հաղթահարել բոլոր դժվարությունները:
<<Ամենաբարդ իրավիճակներում անգամ, որքան էլ որ ձմեռը ցրտաշունչ և ձյունառատ լինի, քաղաքի բնականոն կյանքը երբեք չպետք է խաթարվի: Այս ճշմարտությունը պիտի գիտակցենք բոլորս, և հնարավորությունների սահմաններում ձգտենք նպաստել երթևեկության անվտանգության պահպանմանը,- ասաց Սուրեն Գրիգորյանը: - Դժվարանցանելի փողոց, հրապարակ, բակ, կամ էլ` մայթ չպետք է լինեն>>,- կարծիք հայտնեց նա` հիմնարկների, շինարարական կառույցների ղեկավարներին հորդորելով միշտ պատրաստ ու <<մարտական վիճակում>> պահել տեխնիկան:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն