07.11.2017   ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿ` ԳՐՈՂԻ ԱՊՐԱԾ ՏԱՆ ՃԱԿԱՏԻՆ

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ԿՏԱԿԵԼՈՎ ՄՆԱՅՈՒՆ ԳՈՐԾԵՐ

 

Պետական գործիչ, գրող մանկավարժ Սարգիս Աբրահամյանի հարթաքանդակի բացմանն էր նվիրված մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան` 25 հասցեում կայացած հանդիսությունը, որին ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանը, պետական այրեր, մտավորականության ներկայացուցիչներ` գրողներ, արվեստագետներ, մանկավարժներ, Ս.Աբրահամյանի հարազատները, հյուրեր:

   Մարդիկ  հավաքվել էին իրենց հարգանքն ու խոնարհումը բերելու` երջանկահիշատակ այն մարդու և մտավորականի նկատմամբ, ով ապրած կյանքով ու գործունեությամբ նվիրված է եղել Արցախ աշխարհին, հոգևոր, կրթամշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, դպրոցաշինությանը:  Իսկ գաղտնիք չէ, որ նման  միջոցառումները լավ առիթ են  վերարժևորելու հայրենիքի արժանավոր զավակների վաստակը, ովքեր իրենց ինքնատիպ ձեռագրով, ազգանպաստ գործունեությամբ անջնջելի հետք են թողել Արցախի, նրա մայրաքաղաքի պատմության տարեգրության էջերում` սերունդներին կտակելով մնայուն գործեր և հիշողություններ:

Սարգիս Աբրահամյանը մեկն է  արցախցի այն պայծառ մտավորականներից, ով մտահոգված լինելով   հինավուրց լեռնաշխարհի ճակատագրով, սերունդների կրթման և հայեցի դաստիարակման խնդրով, իրենից կախված հնարավոր ամեն ինչ անում էր  Բաքվի  հայատյաց  քարոզչությանը հակազդելու, հայկական կրթօջախների լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Որպես գրող, մանկավարժ, անուրանալի է նրա դերը նաև Արցախի գրական ընտանիքի համախմբման, հայրենաշունչ, գեղարվեստական հնչեղ ստեղծագործությունների արարման գործում: Այդ տեսանկյունից  հատկանշական է Սարգիս Աբրահամյանի <<Սերունդների հետ>> երկհատոր վեպը, որը հրատարակվելուն պես, լայն արձագանք գտավ ըներցողների շրջանում` արժանանալով գրականագետների բարձր գնահատանքին:

Հնչեցված բոլոր ելույթներում  այն միտքն ընդգծվեց, որ միանգամայն արդարացի և ազնիվ վճիռ է կայացրել Ստեփանակերտի քաղաքապետարանը` որոշելով Սարգիս Աբրահամյանի ապրած տան ճակատին  հարթաքանդակ տեղադրել և դրանով հավերժացնել նրա հիշատակը: Եվ, բնականաբար, շնորհակալական  խոսքեր հնչեցվեցին`  ինչպես քաղաքապետարանի,  այնպես էլ հարթաքանդակի հեղինակ,  հանրապետության վաստակավոր    քանդակագործ Ալբերտ Հարությունյանի  հասցեին,  ովքեր  սիրով հանձն են առել ձեռնարկել այդ աստվածահաճո գործը:

Հարթաքանդակի բացման իրավունքը  տրվեց   Ստեփանակերտի քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանին և երջանկահիշատակ գրող-մանկավարժի որդուն` Վլադիմիր Աբրահամյանին:  Հանդիսավոր արարողության մասնակիցները հարթաքանդակի մոտ ծաղիկներ են տեղադրում:

 Իր խոսքում  Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն  արժևորելով  Ս.Աբրահամյանի  գրական ժառանգությունը  և պետական,  հասարակական  գործունեությունը, նրան  բնութագրեց հայրենիքին   անմնացորդ  նվիրված  մի անձնավորության, ով իր ազնվությամբ,  բարությամբ  և իմաստությամբ մարդկանց հիշողության  մեջ  միշտ  մնալու  է որպես  լուսավոր կանթեղ:

Հանդիսությանը  սիրված գրողի մասին ջերմ խոսքեր ասացին ու նրա վաստակը բարձր գնահատեցին նաև Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի, հանրապետության վաստակավոր մանկավարժ Սվետլանա Դավթյանը, գրող, գրականագետ Սոկրատ Խանյանը,  մայրաքաղաքի թիվ 8 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա  Աբրահամյանը, հարթաքանդակի հեղինակ, քանդակագործ Ալբերտ Հարությունյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն