ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ԿՏԱԿԵԼՈՎ ՄՆԱՅՈՒՆ ԳՈՐԾԵՐ
Պետական գործիչ, գրող մանկավարժ Սարգիս Աբրահամյանի հարթաքանդակի բացմանն էր նվիրված մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան` 25 հասցեում կայացած հանդիսությունը, որին ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պետական այրեր, մտավորականության ներկայացուցիչներ` գրողներ, արվեստագետներ, մանկավարժներ, Ս.Աբրահամյանի հարազատները, հյուրեր:
Մարդիկ հավաքվել էին իրենց հարգանքն ու խոնարհումը բերելու` երջանկահիշատակ այն մարդու և մտավորականի նկատմամբ, ով ապրած կյանքով ու գործունեությամբ նվիրված է եղել Արցախ աշխարհին, հոգևոր, կրթամշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, դպրոցաշինությանը: Իսկ գաղտնիք չէ, որ նման միջոցառումները լավ առիթ են վերարժևորելու հայրենիքի արժանավոր զավակների վաստակը, ովքեր իրենց ինքնատիպ ձեռագրով, ազգանպաստ գործունեությամբ անջնջելի հետք են թողել Արցախի, նրա մայրաքաղաքի պատմության տարեգրության էջերում` սերունդներին կտակելով մնայուն գործեր և հիշողություններ:
Սարգիս Աբրահամյանը մեկն է արցախցի այն պայծառ մտավորականներից, ով մտահոգված լինելով հինավուրց լեռնաշխարհի ճակատագրով, սերունդների կրթման և հայեցի դաստիարակման խնդրով, իրենից կախված հնարավոր ամեն ինչ անում էր Բաքվի հայատյաց քարոզչությանը հակազդելու, հայկական կրթօջախների լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Որպես գրող, մանկավարժ, անուրանալի է նրա դերը նաև Արցախի գրական ընտանիքի համախմբման, հայրենաշունչ, գեղարվեստական հնչեղ ստեղծագործությունների արարման գործում: Այդ տեսանկյունից հատկանշական է Սարգիս Աբրահամյանի <<Սերունդների հետ>> երկհատոր վեպը, որը հրատարակվելուն պես, լայն արձագանք գտավ ըներցողների շրջանում` արժանանալով գրականագետների բարձր գնահատանքին:
Հնչեցված բոլոր ելույթներում այն միտքն ընդգծվեց, որ միանգամայն արդարացի և ազնիվ վճիռ է կայացրել Ստեփանակերտի քաղաքապետարանը` որոշելով Սարգիս Աբրահամյանի ապրած տան ճակատին հարթաքանդակ տեղադրել և դրանով հավերժացնել նրա հիշատակը: Եվ, բնականաբար, շնորհակալական խոսքեր հնչեցվեցին` ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ հարթաքանդակի հեղինակ, հանրապետության վաստակավոր քանդակագործ Ալբերտ Հարությունյանի հասցեին, ովքեր սիրով հանձն են առել ձեռնարկել այդ աստվածահաճո գործը:
Հարթաքանդակի բացման իրավունքը տրվեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և երջանկահիշատակ գրող-մանկավարժի որդուն` Վլադիմիր Աբրահամյանին: Հանդիսավոր արարողության մասնակիցները հարթաքանդակի մոտ ծաղիկներ են տեղադրում:
Իր խոսքում Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն արժևորելով Ս.Աբրահամյանի գրական ժառանգությունը և պետական, հասարակական գործունեությունը, նրան բնութագրեց հայրենիքին անմնացորդ նվիրված մի անձնավորության, ով իր ազնվությամբ, բարությամբ և իմաստությամբ մարդկանց հիշողության մեջ միշտ մնալու է որպես լուսավոր կանթեղ:
Հանդիսությանը սիրված գրողի մասին ջերմ խոսքեր ասացին ու նրա վաստակը բարձր գնահատեցին նաև Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի, հանրապետության վաստակավոր մանկավարժ Սվետլանա Դավթյանը, գրող, գրականագետ Սոկրատ Խանյանը, մայրաքաղաքի թիվ 8 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա Աբրահամյանը, հարթաքանդակի հեղինակ, քանդակագործ Ալբերտ Հարությունյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն