31.10.2017   ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ`ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ

ԱԿՑԻԱՅԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

 

Սանիտարական մաքրության խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ քաղաքապետարանի ու նրա ենթակայության տակ գտնվող կառույցների, մասնավորապես` <<Սանմաքրում>> ընկերության աշխատակիցների համար:

Փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի խոսքով, հարցը ոչ միայն առնչվում է Ստեփանակերտին, այլ նաև համայնքի ողջ տարածքին, այդ թվում` քաղաքային գերեզմանոցին, որտեղ պատշաճ մաքրության  պահպանման և բարեկարգման խնդրին քաղաքապետարանը հաճախակի է անդրադառնում: Նրա կարծիքով,  քաղաբնակներից յուրաքանչյուրը պիտի իրեն  պատասխանատու զգա շրջապատի մաքրության, կարգ ու կանոնի համար: Ու, եթե դա անտեսվում է, <<ուրեմն մշակույթի պակասի խնդիր կա>> և  անհրաժեշտ հետևություններ պիտի  անել:

Չնայած քաղաքապետարանի կողմից տարվա մեջ մի քանի անգամ  շաբաթօրյակներ են անցակցվում  քաղաքային  գերեզմանոցում, վիճակն, այնուամենայնիվ, անմխիթար է մնում: Օրերս այստեղ հերթական շաբաթօրյակն էր կազմակերպվել <<Սանմաքրում>> ընկերության ակտիվ մասնակցությամբ: Ձեռնարկմանը` տնօրեն Ալյոշա Սեյրանյանի գլխավորությամբ, ներգրավվել էին 200-ից ավելի  աշխատակիցներ: Ողջ օրվա ընթացքում աշխատանքները  չեն հապաղել  հատկապես գերեզմանոցի  Փահլուրի տարածքում, ուր մաքրվել և դուրս է բերվել շուրջ երկու տասնյակ մեքենա աղբ: Ա.Սեյրանյանի կարծիքով, սա նաև  անտարբերության արդյունք է, և գերեզմանատերերը նույնպես պիտի մտահոգ լինեն խնդրով և իրենց մասնակցությունը բերեն սանմաքրման աշխատանքներին:

 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն