ԱԿՑԻԱՅԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
Սանիտարական մաքրության խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ քաղաքապետարանի ու նրա ենթակայության տակ գտնվող կառույցների, մասնավորապես` <<Սանմաքրում>> ընկերության աշխատակիցների համար:
Փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի խոսքով, հարցը ոչ միայն առնչվում է Ստեփանակերտին, այլ նաև համայնքի ողջ տարածքին, այդ թվում` քաղաքային գերեզմանոցին, որտեղ պատշաճ մաքրության պահպանման և բարեկարգման խնդրին քաղաքապետարանը հաճախակի է անդրադառնում: Նրա կարծիքով, քաղաբնակներից յուրաքանչյուրը պիտի իրեն պատասխանատու զգա շրջապատի մաքրության, կարգ ու կանոնի համար: Ու, եթե դա անտեսվում է, <<ուրեմն մշակույթի պակասի խնդիր կա>> և անհրաժեշտ հետևություններ պիտի անել:
Չնայած քաղաքապետարանի կողմից տարվա մեջ մի քանի անգամ շաբաթօրյակներ են անցակցվում քաղաքային գերեզմանոցում, վիճակն, այնուամենայնիվ, անմխիթար է մնում: Օրերս այստեղ հերթական շաբաթօրյակն էր կազմակերպվել <<Սանմաքրում>> ընկերության ակտիվ մասնակցությամբ: Ձեռնարկմանը` տնօրեն Ալյոշա Սեյրանյանի գլխավորությամբ, ներգրավվել էին 200-ից ավելի աշխատակիցներ: Ողջ օրվա ընթացքում աշխատանքները չեն հապաղել հատկապես գերեզմանոցի Փահլուրի տարածքում, ուր մաքրվել և դուրս է բերվել շուրջ երկու տասնյակ մեքենա աղբ: Ա.Սեյրանյանի կարծիքով, սա նաև անտարբերության արդյունք է, և գերեզմանատերերը նույնպես պիտի մտահոգ լինեն խնդրով և իրենց մասնակցությունը բերեն սանմաքրման աշխատանքներին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն