23.09.2017 ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Սեպտեեմբերի 23-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է Ստեփանակերտի օրվա առթիվ Արցախ ժամանած Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը` փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ: Քաղաքապետը ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և տոնակատարություններին իրենց մասնակցությունը բերելու համար, փոխգործակցության համատեքստում կարևորեց այն բարի ավանդույթը, որ Երևանի ու Ստեփանակերտի օրը միշտ նշում են միասին, տոնական բարձր տրամադրությամբ, ինչը մեկ անգամ ևս վկայում է հետզհետե խորացող կապերի ու կողմերի միջև ամրապնդվող բարեկամության մասին: Դավիթ Օհանյանը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Գրիգորյանին, բոլոր ստեփանակերտցիներին փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հիշարժան իրադարձության` Ստեփանակերտի օրվա կապակցությամբ: <<Երևանի քաղաքապետարանի, բոլոր երևանցիների անունից Ստեփանակերտին ու նրա բնակչությանը մաղթում ենք խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, նորանոր ձեռքբերումներ, խաղաղություն և իղձերի իրականացում>>,- ասաց պարոն Օհանյանը, վստահեցնելով, թե համագործակցության շրջանակներում բոլոր ծրագրերը, որի հիմքերը դրվել են 2012-ին, Ստեփանակերտում` քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սուրեն Գրիգորյանի կողմից ստորագրված փոխգործակցության և բարեկամության մասին համաձայնագրով, կշարունակվեն հետևողականորեն կյանքի կոչվել` ի շահ մայրաքաղաքներ Ստեփանակերտի և Երևանի զարգացման ու բարգավաճման, ի բարօրություն ժողովրդի: Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը և Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |