ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

23.09.2017

 

Սեպտեեմբերի 23-ին քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանն ընդունել է Ստեփանակերտի օրվա առթիվ Արցախ ժամանած Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը` փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ:

Քաղաքապետը ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և տոնակատարություններին իրենց մասնակցությունը բերելու համար, փոխգործակցության համատեքստում կարևորեց այն բարի ավանդույթը, որ Երևանի ու Ստեփանակերտի օրը միշտ նշում են միասին, տոնական բարձր տրամադրությամբ, ինչը մեկ անգամ ևս վկայում է հետզհետե խորացող կապերի ու կողմերի միջև ամրապնդվող բարեկամության մասին:

Դավիթ Օհանյանը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Գրիգորյանին, բոլոր ստեփանակերտցիներին  փոխանցեց  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հիշարժան իրադարձության` Ստեփանակերտի օրվա կապակցությամբ: <<Երևանի քաղաքապետարանի, բոլոր երևանցիների անունից Ստեփանակերտին ու նրա բնակչությանը մաղթում ենք խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, նորանոր ձեռքբերումներ, խաղաղություն և իղձերի իրականացում>>,- ասաց պարոն Օհանյանը, վստահեցնելով, թե համագործակցության շրջանակներում բոլոր  ծրագրերը, որի հիմքերը դրվել են 2012-ին,  Ստեփանակերտում` քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սուրեն Գրիգորյանի կողմից ստորագրված փոխգործակցության և բարեկամության մասին համաձայնագրով, կշարունակվեն հետևողականորեն կյանքի կոչվել` ի շահ մայրաքաղաքներ Ստեփանակերտի և Երևանի զարգացման ու բարգավաճման, ի բարօրություն ժողովրդի:

Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի  քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը և Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն