29.08.2017   ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ  ԵՆ <<ԵԼՔ>>  ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ  ԱՆԴԱՄՆԵՐԸ

Օգոստոսի 29-ին ճանաչողական այցով Ստեփանակերտում էին Երևանի ավագանու <<Ելք>> խմբակցության անդամները:

Քաղաքապետարանի պատասխանատուների և ավագանու անդամների հետ կայացած հանդիպմանը ողջունելով հյուրերին ,Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համոզմունք  հայտնեց, որ 2012թ. երկու քաղաքապետարանների միջև` համագործակցության և բարեկամության մասին ստորագրված համաձայնագիրը  լավ հիմք կհանդիսանա Երևանի նորընտիր  ավագանու և մասնավորապես` <<Ելք>> խմբակցության հետ ավանդական կապերն ամրապնդելու, գործընկերային հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար:

Քաղաքապետը  բարձր է գնահատել անցած տարիներին Երևանի քաղաքապետարանի, անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ամենատարբեր ոլորտներում Ստեփանակերտին ցուցաբերած նյութական և բարոյական աջակցությունը և այն ուսանելի փորձը, որ ներդրում է կառավարման համակարգում: Ս.Գրիգորյանն անդրադարձել է  այն համատեղ ծրագրերին, որ իրագործվում են կենսաապահովման, սոցիալական, առողջապահության, կրթության և մշակույթի, զբոսաշրջության բնագավառներում: Այդ համատեքստում նաև կարևորվել է  Ստեփանակերտի և Արցախի շրջանների հետ Երևանի վարչական  շրջանների կողմից սկզբնավորված համագործակցությունը, որ շարունակ ընդլայնում է շրջանակները, իր մեջ ներառելով ամենատարբեր ուղղություններ: Քաղաքապետը, հյուրերի խնդրանքով ներկայացրել է քաղաքի զարգացման ընդհանուր տեսլականը, անդրադարձել երկարաժամկետ այն ծրագրերին, որոնք միտված են  Ստեփանակերտի կենսական նշանակության հիմնահարցերի լուծմանը:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, <<Ելք>> խմբակցության  ղեկավար Դավիթ Խաժակյանը  վստահեցրեց,  թե իրենց թիմով կփորձեն նպաստել Երևանի ու Ստեփանակերտի միջև  համագործակցության և բարեկամության խորացմանը,  ավագանու անդամների միջև գործնական կապեր կհաստատվեն,  փոխայցելությունների արդյունքում կյանքի  կկոչվեն շահավետ նոր գաղափարներ ու ծրագրեր:

Հանդիպմանը շահագրգիռ  քննարկումներ են ծավալվել  փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնող հարցերի, ներքաղաքային հասարակական  տրանսպորտում  ակնկալվող բարեփոխումների, կրթության, առողջապահության և զբոսաշրջության  զարգացման, շինարարության և բարեկարգման նախագծերի, մայրաքաղաքների աղբահանության ու կենսական անհրաժեշտության այլ խնդիրների  վերաբերյալ:

Հյուրերն այցելել են Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ  խոնարհել Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակին, եղել են Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միության թանգարանում ու ծանոթացել  հարուստ և բացառիկ  ցուցանմուշներին: <<Ելքի>> անդամները, բնականաբար այցելել են նաև Երևանի քաղաքապետարանի  աջակցությամբ Ստեփանակերտում կառուցվող ազատամարտիկների այգին և հետաքրքրվել շինարարական  ծրագրերով:

Շրջագայության ժամանակ  հյուրերին ուղեկցում էին Ստեփանակերտի  փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն