ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ <<ԵԼՔ>> ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Օգոստոսի 29-ին ճանաչողական այցով Ստեփանակերտում էին Երևանի ավագանու <<Ելք>> խմբակցության անդամները:
Քաղաքապետարանի պատասխանատուների և ավագանու անդամների հետ կայացած հանդիպմանը ողջունելով հյուրերին ,Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ 2012թ. երկու քաղաքապետարանների միջև` համագործակցության և բարեկամության մասին ստորագրված համաձայնագիրը լավ հիմք կհանդիսանա Երևանի նորընտիր ավագանու և մասնավորապես` <<Ելք>> խմբակցության հետ ավանդական կապերն ամրապնդելու, գործընկերային հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար:
Քաղաքապետը բարձր է գնահատել անցած տարիներին Երևանի քաղաքապետարանի, անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ամենատարբեր ոլորտներում Ստեփանակերտին ցուցաբերած նյութական և բարոյական աջակցությունը և այն ուսանելի փորձը, որ ներդրում է կառավարման համակարգում: Ս.Գրիգորյանն անդրադարձել է այն համատեղ ծրագրերին, որ իրագործվում են կենսաապահովման, սոցիալական, առողջապահության, կրթության և մշակույթի, զբոսաշրջության բնագավառներում: Այդ համատեքստում նաև կարևորվել է Ստեփանակերտի և Արցախի շրջանների հետ Երևանի վարչական շրջանների կողմից սկզբնավորված համագործակցությունը, որ շարունակ ընդլայնում է շրջանակները, իր մեջ ներառելով ամենատարբեր ուղղություններ: Քաղաքապետը, հյուրերի խնդրանքով ներկայացրել է քաղաքի զարգացման ընդհանուր տեսլականը, անդրադարձել երկարաժամկետ այն ծրագրերին, որոնք միտված են Ստեփանակերտի կենսական նշանակության հիմնահարցերի լուծմանը:
Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, <<Ելք>> խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վստահեցրեց, թե իրենց թիմով կփորձեն նպաստել Երևանի ու Ստեփանակերտի միջև համագործակցության և բարեկամության խորացմանը, ավագանու անդամների միջև գործնական կապեր կհաստատվեն, փոխայցելությունների արդյունքում կյանքի կկոչվեն շահավետ նոր գաղափարներ ու ծրագրեր:
Հանդիպմանը շահագրգիռ քննարկումներ են ծավալվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ներքաղաքային հասարակական տրանսպորտում ակնկալվող բարեփոխումների, կրթության, առողջապահության և զբոսաշրջության զարգացման, շինարարության և բարեկարգման նախագծերի, մայրաքաղաքների աղբահանության ու կենսական անհրաժեշտության այլ խնդիրների վերաբերյալ:
Հյուրերն այցելել են Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակին, եղել են Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միության թանգարանում ու ծանոթացել հարուստ և բացառիկ ցուցանմուշներին: <<Ելքի>> անդամները, բնականաբար այցելել են նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում կառուցվող ազատամարտիկների այգին և հետաքրքրվել շինարարական ծրագրերով:
Շրջագայության ժամանակ հյուրերին ուղեկցում էին Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն