03.07.2017 ԱՅՑ`ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Երևանի վարչական շրջանների հետ Ստեփանակերտի քաղաքապետարանի համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում, ընդլայնում է շրջանակները` ընդգրկելով ամենատարբեր ոլորտներ: Այդ տեսանկյունից արդյունավետ և սերտաճող կարելի է որակել փոխգործակցությունը` Դավթաշենի վերչական շրջանի և Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև, որը կայուն հիմքեր ունի: Վարչական շրջանի քարտուղար Արտակ Նավասարդյանի գլխավորած պատվիրակության այցը` Արցախի մայրաքաղաք, ավանդական բարեկամությունը խորացնելու և սոցիալական ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու միտում ուներ: Հյուրընկալելով պատվիրակության անդամներին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ողջունել է դավթաշենցիների նոր նախաձեռնությունները և համոզմունք է հայտնել, որ գործընկերային հարաբերությունները կզարգանան առավել դինամիկ ու անկաշկանդ, կձևավորվեն նոր ավանդույթներ: Արտակ Նավասարդյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրեց, որ փոխայցելությունները կլինեն շարունակական և միայն դրական արդյունք կապահովեն: Նա տեղեկացրեց, որ ծրագրված այցի շրջանակում Դավթաշենի վարչական շրջանը Ստեփանակերտի անապահով ընտանիքների համար, որպես օգնություն, սնունդ, հագուստ և կոշկեղեն է ձեռք բերել և մտադիր է բաժանել հասցեատերերին: Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, Դավթաշենի վարչական շրջանի և Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական ապահովության բաժնի պետեր Գոհար Ավետիսյանն ու Իվետա Դանիելյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |