ԱՅՑ`ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

03.07.2017

ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

 

Երևանի վարչական շրջանների հետ Ստեփանակերտի քաղաքապետարանի համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում, ընդլայնում է շրջանակները` ընդգրկելով ամենատարբեր ոլորտներ: Այդ տեսանկյունից արդյունավետ և սերտաճող կարելի է որակել փոխգործակցությունը` Դավթաշենի վերչական շրջանի և Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև, որը կայուն հիմքեր ունի:

Վարչական շրջանի քարտուղար Արտակ Նավասարդյանի գլխավորած պատվիրակության այցը` Արցախի մայրաքաղաք, ավանդական բարեկամությունը  խորացնելու և սոցիալական ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու միտում ուներ: Հյուրընկալելով պատվիրակության անդամներին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ողջունել է դավթաշենցիների նոր նախաձեռնությունները և համոզմունք է հայտնել, որ գործընկերային հարաբերությունները  կզարգանան առավել  դինամիկ ու անկաշկանդ, կձևավորվեն նոր ավանդույթներ:

Արտակ Նավասարդյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրեց, որ փոխայցելությունները կլինեն շարունակական և միայն դրական արդյունք կապահովեն: Նա տեղեկացրեց, որ ծրագրված այցի շրջանակում  Դավթաշենի վարչական շրջանը Ստեփանակերտի անապահով ընտանիքների համար, որպես օգնություն, սնունդ, հագուստ և կոշկեղեն է ձեռք բերել և մտադիր է բաժանել հասցեատերերին:

Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, Դավթաշենի վարչական շրջանի և Ստեփանակերտի քաղաքապետարանի  սոցիալական ապահովության բաժնի պետեր Գոհար Ավետիսյանն ու Իվետա Դանիելյանը: 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն