27.03.2017   ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂ ՌՈՒՍԼԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 60 ՏԱՐԵԿԱՆ Է

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լրացավ Հայաստանի և Արցախի ժուռնալիստների միության անդամ, <<Ազատ Արցախ>> հանրապետական թերթի երկարամյա ֆոտոթղթակից, արցախյան պատերազմի մասնակից Ռուսլան Սարգսյանի ծննդյան 60-ամյակը:

Ռ.Սարգսյանի անունը  հայտնի է ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս: Որպես արհեստավարժ, բարձրաճաշակ ֆոտոլրագրող, ում նուրբ հայացքը որսում է կյանքի ամենատարբեր երևույթներ, հաճախ է մասնակցել հանրապետական ու միջազգային մրցույթների, ցուցահանդեսների և արժանացել պարգևների, բարձր գնահատականի: Ռուսլանն անհատական ցուցահանդես է ունեցել նաև Երևանում ու Ստեփանակերտում: Նրա ստեղծագործությունները տպագրվել են բազմաթիվ  թերթերում և հանդեսներում, ամսագրերում, այդ թվում` արտերկրում:

Ռուսլան Սարգսյանի աշխատանքները բազմաժանր են, բազմաշերտ` սկսած էտյուդային լուսանկարներից մինչև  բնանկարներ: Եվ, բնականաբար, ստեղծագործությունների գլխավոր թեման Արցախ աշխարհն է, նրա մարդիկ, հայ զինվորը, շինականը, շինարարն  ու մտավորականը: Նրա գործերում հատկապես առանձնակի  տեղ է գրավում արցախյան պատերազմի թեման, ուր ուրվագծվում է պաշտպանության բանակի անցած փառավոր ճանապարհը, դիրքապահ զինվորի հերոսական կերպարը:

Արհեստավարժ ֆոտոթղթակիցը հաճախ է անդրադարձել  նաև Ստեփանակերտին, բազմաժանր լուսանկարների միջոցով հարստացրել  Ստեփանակերտի տարեգրության էջերը: Այսօր էլ նա  երիտասարդական եռանդով շարունակում է իր առաքելությունը` ակտիվորեն համագործակցելով Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ: Եվ կասկած չկա, որ Ռուսլանը լուսավոր, նոր աշխատանքներով դեռ շատ է ուրախացնելու իր  արվեստի և արհեստի սիրահարներին:

Մարտի 27-ին, հոբելյանի առիթով Ռ.Սարգսյանին հյուրընկալել և շնորհավորել է քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` մաղթելով առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Մայրաքաղաքին մատուցած ծառայությունների և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, Ս.Գրիգորյանը Ռուսլան Սարգսյանին հանձնել է շնորհակալագիր և հուշանվեր:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն