ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Լրացավ Հայաստանի և Արցախի ժուռնալիստների միության անդամ, <<Ազատ Արցախ>> հանրապետական թերթի երկարամյա ֆոտոթղթակից, արցախյան պատերազմի մասնակից Ռուսլան Սարգսյանի ծննդյան 60-ամյակը:
Ռ.Սարգսյանի անունը հայտնի է ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս: Որպես արհեստավարժ, բարձրաճաշակ ֆոտոլրագրող, ում նուրբ հայացքը որսում է կյանքի ամենատարբեր երևույթներ, հաճախ է մասնակցել հանրապետական ու միջազգային մրցույթների, ցուցահանդեսների և արժանացել պարգևների, բարձր գնահատականի: Ռուսլանն անհատական ցուցահանդես է ունեցել նաև Երևանում ու Ստեփանակերտում: Նրա ստեղծագործությունները տպագրվել են բազմաթիվ թերթերում և հանդեսներում, ամսագրերում, այդ թվում` արտերկրում:
Ռուսլան Սարգսյանի աշխատանքները բազմաժանր են, բազմաշերտ` սկսած էտյուդային լուսանկարներից մինչև բնանկարներ: Եվ, բնականաբար, ստեղծագործությունների գլխավոր թեման Արցախ աշխարհն է, նրա մարդիկ, հայ զինվորը, շինականը, շինարարն ու մտավորականը: Նրա գործերում հատկապես առանձնակի տեղ է գրավում արցախյան պատերազմի թեման, ուր ուրվագծվում է պաշտպանության բանակի անցած փառավոր ճանապարհը, դիրքապահ զինվորի հերոսական կերպարը:
Արհեստավարժ ֆոտոթղթակիցը հաճախ է անդրադարձել նաև Ստեփանակերտին, բազմաժանր լուսանկարների միջոցով հարստացրել Ստեփանակերտի տարեգրության էջերը: Այսօր էլ նա երիտասարդական եռանդով շարունակում է իր առաքելությունը` ակտիվորեն համագործակցելով Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ: Եվ կասկած չկա, որ Ռուսլանը լուսավոր, նոր աշխատանքներով դեռ շատ է ուրախացնելու իր արվեստի և արհեստի սիրահարներին:
Մարտի 27-ին, հոբելյանի առիթով Ռ.Սարգսյանին հյուրընկալել և շնորհավորել է քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` մաղթելով առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Մայրաքաղաքին մատուցած ծառայությունների և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, Ս.Գրիգորյանը Ռուսլան Սարգսյանին հանձնել է շնորհակալագիր և հուշանվեր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն