13.02.2017   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ

 

   ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԾՐԱԳԻՐ`ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ

Արդեն չորրորդ տարին է, ինչ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը մայրաքաղաքի Ս.Շահումյանի անվան պուրակում համատեղ կազմակերպում են Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառում` ուսանողների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ռազմամարզական վարժարանի սաների, զինծառայողների մասնակցությամբ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ   զորավարի տոնը հռչակվել է որպես երիտասարդության օրհնության օր:

Ավանդույթի համաձայն, միջոցառումից մեկ օր առաջ, երիտասարդների միջոցով քաղաքի փողոցներում բաժանվել են գեղեցիկ  ձևավորված խորհրդանշական աղաբլիթներ` Ս.Սարգիս զորավարի մասին փոքրիկ պատմությամբ` բուկլետի  տեսքով:

Այս տարի Ս.Սարգսին նվիրված տոնը նշվեց փետրվարի 11-ին: Միջոցառման ընթացքում իրականացված մշակութային /համերգային/ ծրագիրը  հագեցած էր  մրցույթներով, հաճելի անակնկալներով: Երիտասարդների համար ոգևորություն էր ճերմակ ձիու վրա`Սուրբ Սարգիս զորավարի <<հայտնությունը>>: Ծրագրում ներառված էին արտասանություններ, ժողովրդական երգեր ու պարեր:

Տոնակատարությանն իրենց հետաքրքրիր ելույթներով աչքի ընկան  <<Մենք ենք, մեր սարերը>> երգի-պարի պետական համույթը, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի, արվեստի դպրոցի, Շուշիի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները, <<Արցախի ձայներն>> ու Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվի կատարողները:

Միջոցառմանը, խորհրդանշական տոնի առթիվ, երիտասարդներին ողջունել և օրհնանքի խոսքեր է հղել Արթուր Սարկավագ Խոնոյանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն